«Պետք է մերժել Նիկոլին, իսկ դա ծաղիկներով ու պաչիկներով չի լինելու». Վահան Բաբայան
Սեպտեմբերի 4-ին, ժամը 18։30-ին «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը Հայաստանում քաղաքական փոփոխությունների ցանկություն ունեցողներին հրավիրում է Մատենադարանի տարածք՝ հանրահավաքի, որովհետև վաղուց ժամանակն է, որ քաղաքացին կարողանա իր դժգոհությունները ցույց տալ հստակ գործողություններով և քայլերով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ հանրահավաքի վայրի ընտրությունները պայմանավորելով այն հանգամանքով, որ Մատենադարանը հայության ինքնության սիվոլներից մեկն է, իսկ այսօր հենց ազգային արժեքներն ու մեր ինքնությունն են, որ վտանգված են։
«Այսօր նաև մեր ինքնության դեմ է պայքար տարվում, և դրանից պետք է ազատվենք, իսկ ինչ վերաբերում է երկրի ներսում առկա խնդիրներին, ապա ընդդիմադիր դաշտին կոչով եմ դիմում՝ ժամանակն է դուրս գալ Ֆեյսբուքից, լինել միասնական և փորձել կատարել քայլ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող՝ Ֆեյսբուքից պետք է դուրս գալ և կոնկերտ գործողությունների հայտ ներկայացնել»,- ասաց Բաբայանը՝ նշելով, որ, թեև մի քանի օր է, ինչ սեպտեմբերի 4-ին հանրահավաք անելու մասին տեղեկատվությունը հասու է բոլորին, սակայն դեռևս ընդդիմադիր մյուս կուսակցությունների կողմից որևէ արձագանք չեն ստացել։
«Թե ինչո՞ւ կառավարության հրաժարականի պահանջով մեր սպասվող հանրահավաքին իրենց աջակցությունը չեն հայտնել մյուս ուժերը, չեմ կարող ասել, սակայն դեռ ժամանակ կա, և չենք բացառում, որ նման համագործակցություն կարող է լինել։ Մեր դռները բաց են, ես շատ ուրախ կլինեմ, որ ընդդիմադիր ուժերը մեզ հետ այս կառավարության հրաժարականի պահանջի գաղափարի շուրջ համախմբվեն»,- ասաց Բաբայանը։
Անդրադառնալով հարցին, թե այդ ի՞նչ ռեսուրս ունի «Ռեֆորմիստներ» կուսակցությունը, որ համարձակվում է կառավարության հրաժարականի պահանջով հանրահավաքներ անել, Վահան Բաբայանը պատախանեց.
«Իսկ ինչո՞ւ, այդ ի՞նչ ռեսուրս ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ Գյումրիից քայլելով գալիս էր. դա ռեսո՞ւրս էր։ Մենք մեր ռեսուրսները լավ գիտենք, իսկ քաղաքական ակցիաներ անելու համար մեծ ռեսուրսներ պետք չեն»։
Թե ինչո՞ւ պետք է քաղաքացին պահանջի գործող կառավարության հրաժարականը հարցին ի պատասխան՝ Բաբայանն առաջարկեց հարցին նայել հետևյալ տրամաբանությամբ՝ իսկ այդ ի՞նչ է արել, որ հրաժարական էլ չպահանջեն։
«Հայաստանը փորձադաշտ չէ. Իհարկե, հրապարակում տեղի ունեցած մանիպուլյացիաների շնորհիվ հասարակության մի հատվածը հավատաց տրված խոստումներին, սակայն քաղաքացիները հեղափոխությունից երկու տարի անց ոչ միայն չեն հավատում Նիկել Փաշինյանին, այլ նաև սկսել են նրան չսիրել, հիասթափված են»,- ասաց Բաբայանը՝ նշելով, որ կառավարության գործունեության գնահատականը տալիս են երկրում օր օրի նոր թափով ծավալվող բողոքի ակցիաները։
«Ի պատասխան այդ դժգոհությունների՝ մենք, սակայն, տեսնում ենք կառավարության զրոյական արձագանքը։ Որքան էլ ուզում են ասեն, թե այս կամ այն անձը, Քոչարյանի կամ մյուսի աջակիցն է կանգնած այս կամ այն ակցիայի հետևում, ու դրա համար չեն արձագանքում, միևնույն է, դրանց խնդիրները չեն լուծվում, իշխանությունների այդ պատճառաբանությունները չեն ծածկում խնդիրները, որոնք կան, օրինակ, կրթության, Ամուլսարի հարցի և այլ ոլորտներում, իսկ կառավարությունն այդ բոլոր դժգոհությունների վերաբերյալ կցուցաբերի զրոյական արձագանք և լկտի անտարբերություն, քանի դեռ Երևանի կենտրոնում չեն հավաքվել մարդիկ ու պահանջել, որ սթափվեն։
Ընդդիմությունը պետք է մարդկանց կարողանա համախմբել ու հասկացնել, որ իրենց խաբել են, իրականացնում են բարեփոխումներ, որոնք չարեփոխումներ են։ Մենք պետք է ընտրենք ճանապարհ, որը պետք է հաղթի այս ատելության մթնոլորտը, քաղաքացին պետք է ոտքի կանգնի, իրականացնի խաղաղ երթեր, ճնշում գործադրի գործող իշխանության վրա այնպես, ինչպես արեց 2018 թվականին։ Եթե 2018 թվականին «մերժեցին Սերժին», ապա հիմա պետք է մերժել Նիկոլին, իսկ դա ծաղիկներով և պաչիկներով չի լինելու»,- ասաց Բաբայանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում