«Կառավարությունը ձեռքերը լվացել է, չեմ կարող ասել, թե ինչո՞վ է զբաղված». Մարալիկի ծննդատան մանկաբարձ
Այսօր Մարալիկի ծննդատան փակման դեմ ակցիայի ժամանակ մանկաբարձ Հերմինե Հանիսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, սակայն ոչ մի օր չեն բացակայել աշխատանքից, անտրտունջ աշխատել են, տնօրենից էլ գումար չեն պահանջել, որովհետև մտածել են, որ խնդիրը շուտով կլուծվի:
«Կառավարության որևէ բարձրաստիճան պաշտոնյա, որը յոթ ամիս աշխատավարձ չստանա, ինչպե՞ս կարող է իր ընտանիքը պահել: Շքեղ մեքենաներ են քշում, շքեղ բնակարաններ են առնում, բայց ես, իմ անունից եմ խոսում, ուսանող երեխա ունեմ, ո՛չ աշխատավարձ եմ ստացել, ո՛չ նպաստառու եմ, ո՛չ թոշակառու եմ, ո՛չ Կառավարության աջակցության ծրագրից եմ օգտվել, որովհետև պետական աշխատող եմ: Պետական աշխատողները, գոնե տունը նստած՝ աշխատավարձ էին ստանում, իսկ մեզ ասում էին՝ դուք տունն էլ չեք նստած, դուք օդից եք կախված: Մեր ամուսիններն էլ ՌԴ չեն կարողանում մեկնել: Ո՞նց կարելի է ապրել»,- ասաց Հանիսյանը:
Նա պատմեց, որ օրեր առաջ ծնունդ է ընդունել, ինչի համար ստիպված է եղել բացատրագիր գրել, որ, եթե նա ծնունդը չընդուներ, չէին հասցնի ծննդկանին տեղափոխել այլ հիվանդանոց:
«Եթե ես ծննդկանին շտապ օգնությունով տեղափոխեի Գյումրի, արնահոսեր, երեխան թթվածնային քաղցով ծնվեր, ո՞վ էր պատասխան տալու, Կառավարությո՞ւնը: Ոչ, Կառավարությունը ձեռքերը լվացել է, չեմ կարող ասել, թե ինչո՞վ է զբաղված»,- ասաց Հանիսյանը: