«Պարոն Փաշինյան, ինչո՞ւ պետք է ձեր ղեկավարած երկրի ներկայացուցիչը քնի օտար հողի փողոցներում». ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացի

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապրող ՀՀ քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել այն խնդիրների մասին, որի մեջ հայտնվել են համավարակի պատճառով: Նրանք ՀՀ կառավարությունից ակնկալում են բանակցություններ ռուսական և վրացական կողմերի հետ, որպեսզի թույլ տան ցամաքային ճանապարհով վերադառնալ Հայաստան:

Ռուսաստանի տարբեր քաղաքներում մեր հայրենակիցները նշում են, որ ի վիճակի չեն վճարել ինքաթիռի տոմսի համար, քանի որ այն թանկ է, իսկ իրենք ընտանիքի անդամներով են, բացի այդ՝ մեքենաները, իրերը թողնելու խնդիր ունեն:

Քաղաքացիները Ռուսաստանի տարբեր քաղաքներից տեսանյութերով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով դրական պատասխան:

Քաղաքացիներից Սարգիս Գարյանը, որը բնակվում է Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով այնտեղ տիրող իրավիճակը:

«Այս մարդիկ չունեն այդ ֆինանսական միջոցները, որպեսզի կարողանան գնել ինքնաթիռի տոմսեր, այն էլ՝ այն դեպքում, երբ ընտանիքը կազմված է մի քանի հոգուց, և չեն կարող այստեղ ուղղակի թողնել իրենց գույքն ու մեքենաները: Մարդկանց արդեն իրենց տներից հանում են, որովհետև չեն կարողանում վճարել իրենց տան վարձերը և հայտնվել են փողոցում, երեխաների հետ միասին ապրում են մեքենաների մեջ: Հաշմանդամության խնդիր ունենալով՝ ապրում են նկուղային հարկերում, աշխատանք չունեն, ընտանիքներն ամբողջովին կիսվել է: Կան մարդիկ, որոնք առողջական վիճակից ելնելով՝ ընդհանրապես չեն կարող նստել ինքնաթիռ: Սա այն ժողովուրդն է, որ ի աջակցություն հեղափոխության և Ձեզ՝ կանգնած է եղել Ձեր կողքին: Հիմա վստահ եմ, որ թե՛ դուք, թե՛ մեր կառավարությունը կկանգնի իր ժողովրդի կողքին, և այս հարցը կստանա իր դրական լուծումը»:

Սանկտ Պետերբուրգում բնակվող Անդրանիկ Ավետիսյանը ևս դիմում է Հայաստանի կառավարությանը՝ խնդրելով թույլ տալ ցամաքային ճանապարհով վերադառնալ Հայաստան:

«Հասկանալի պատճառներով, արդեն 4-5 ամիս է՝ չենք կարողանում վերադառնալ Հայաստան: Խնդրում եմ մեզ օգնել, որպեսզի ցամաքային ճանապարհով վերադառնանք հայրենիք: Դիմել ենք բոլոր հնարավոր ու անհնարին տեղերը, թե նամակներով, թե զանգերով, բայց ոչ մի արդյունքի դեռ չենք հասել: Կառավարությունից խնդրանքս հետևյալն է՝ հայերի մեծ քանակություն ուզում է ցամաքային ճանապարհով վերադառնալ հայրենիք: Մարդիկ ունեն անձնական մեքենաներ կամ գույք, որն ուզում են տեղափոխել, իսկ ինքնաթիռով դա հնարավոր չէ»,- ասաց երիտասարդը:

Մոսկվայում բնակվող ՀՀ քաղաքացին ևս կիսվում է իր մտահոգություններով, ՀՀ կառավարությանը խնդրելով, որպեսզի բանակցեն վրացական կողմի հետ.

«Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտնվել ենք անելանելի վիճակում: Չենք կարողանում գալ Հայաստան, չենք կարողանում մեր սեփական գույքը տեղափոխել Հայաստան: Խնդրում ենք, աջակցեք այդ հարցում, բանակցեք Վրաստանի կառավարության հետ, թող մեզ միջանցք տան, որպեսզի կարողանանք մեր գույքը տեղափոխենք Հայաստան»:

Այս «ֆլեշմոբ»-ին միացել են նաև Վլադիվոստոկից, Պյատիգորսկից, Գելենջիկից, Անապայից:

Անապայում բնակվող մի տղամարդու խոսքով՝ իր կինն առողջական խնդիրներ ունի, և բուժման համար պետք է շտապ Հայաստան տեղափոխեն.

«Պարոն Փաշինյան, ինչո՞ւ պետք է ձեր ղեկավարած երկրի ներկայացուցիչը քնի օտար հողի փողոցներում կամ չունենա հնարավորություն գոնե վերադառնալու հայրենիք: Կինս ունի առողջական խնդիր, որը պետք է շուտ լուծվի, ու դրա համար պետք է գամ Հայաստան, իսկ ես ունեմ փաստաթղթի խնդիր, որը մինչև ամսի 30-ը լրանում է, իսկ այդ ամենը կապված է փողի հետ, գումարայինս չի հերիքում, որ այդ ամենի տակից կարողանամ դուրս գալ: Խնդրում եմ, մի բան արեք, որպեսզի կարողանանք վերադառնալ հայրենիք»:

Հիշեցնենք, որ Ֆեյսբուքում խումբ է բացվել՝ «Բացեք սահմանները», որտեղ նշված է ՌԴ-ում բնակվող քաղաքացիներից Սարգիս Գարյանի հեռախոսահամարը, և ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան, նաև ներգրավվում են այդ խմբում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս