«Բացեք սահմանները». ՌԴ-ում մնացած հայերը դիմում են Նիկոլ Փաշինյանին
«Ֆեյսբուքում խումբ է բացվել՝ «Բացեք սահմանները», որտեղ նշված է նաև իմ հեռախոսահամարը, որ ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան, ներգրավվեն այդ խմբում»․ այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացի Սարգիս Գարյանը:
«Արդեն 70 հոգի այդ խմբում կան, որ Ռուսաստանից ուզում են հետ վերադառնան: Նրանք Ռուսաստանի տարբեր քաղաքներում են, մարդ կա՝ ընտանիքով է, տան ամբողջ վեշերով է, այդ մարդիկ մնացել են ու ոչ նորմալ ապրելու տեղ ունեն, ոչ մի բան, անելանելի վիճակում են հայտնվել, ոչ էլ աշխատանք ունեն, որ գոնե կարողանան աշխատեն, յոլա գնան: Բացի այդ, ժամանակավոր գրանցումները լրանում է, ասօր բոլորս էլ գիտենք, որ դա գումար արժե, և հիմա դուրս է գալու, որ այդ երկրում հայերը մնալու են անօրինական կարգավիճակում: Արտաքին գործերի նախարարությունից ասում են, թե հույս ունենք, որ սա երկար չի տևի, և 2 ամսվա մեջ այս հարցը կլուծվի: Այսինք իրենք ոչ մի բան չեն ուզում արած լինեն, հույսները դրել են, որ այս խնդիրն ինքնահոս կլուծվի»,- ասաց Սարգիս Գարյանը:
Նրա խոսքով՝ բազմիցս դիմել է ՀՀ իշխանություններին, սակայն արձագանք չի ստացել. «Պաշտոնական նամակ եմ ուղարկել՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին, ՀՀ նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովին և մոտ 25 պատգամավորների: Միայն Էդմոն Մարուքյանն է այս հարցին անդրադարձել, որ նամակ է ուղարկել վարչապետին, բայց չգիտեմ՝ իրեն կոնկրետ պատասխան տվե՞լ են, թե՞ չէ: Այսօր էլ ինձ ԱԳՆ-ից են զանգել, մոտ 30 րոպե զրուցել ենք, ու ինձ մոտ այն տպավորությունն էր, որ իրենք ուղղակի տեղյակ չեն այս կատարվելիքից»:
Քաղաքացին կոչ արեց ԱԳՆ-ին, որպեսզի օնլայն հարթակ ստեղծեն, և ովքեր ցանկանում են հետ վերադառնալ Հայաստան՝ հերթագրվեն.
«Օր և ժամ նշանակեն, որ ենթադրենք՝ օգոստոսի 30-ին, 1-ին համարից մինչև 100-րդ համարը կամ ամբողջ օրը բաց է լինելու տրանզիտ մեքենաների համար: Թող ուղեկցող անձնակազմ՝ ոստիկաններ, պարետի անձնակազմից ուղարկեն, տրամադրեն ավտոբուսներ, ավտոքարշակներ, մեր մեքենաները բարձեն, ժողովուրդն էլ ավտոբուսներով գնան-հասնեն տեղ: Կարող են նաև այդ ծախսերի փոխարեն՝ պայմանավորվել, որ քաղաքացիներն իրենց մեքենաներով գան, ընդհանրապես ոչ մեկը ոչ մի տեղ չկանգնի, ոստիկանների ուղեկցությամբ 4-5 ժամ է տևելու, Լարսի սահմանից գան հասնեն Հայաստան: ԱԳՆ-ն այս իմ առաջարկին պատասխանում է, որ վրացական կողմում՝ ժողովրդի մեջ, ընդվզություն կառաջանա, հասարակության հետ խնդիր կառաջանա, քանի որ իրենց մոտ շատ խիստ է: Ես այդ հարցին ի պատասխան՝ ասում եմ, եթե նման բան կա, նույն այդ վրացին այսօր կարող է հայտնված լինի մեկ ուրիշ երկրում՝ այդ վիճակում, այդ ժողովուրդը չի կարող նման խնդիր առաջացնել կամ դեմ լինել, որ հայն այս խնդրից ելնելով՝ իր տարածքով պետք է անցնի»:
Քաղաքացու խոսքով՝ հիմնականում այն մարդիկ են ուզում Վրաստանով վերադառնալ, որոնք ավտոմեքենա ունեն, ընտանիքով են, իրերը շատ են, և այդ ամենը հնարավոր չէ կազմակերպել օդային ճանապարհով վերադառնալու դեպքում: Բացի այդ, կա նաև գումարի խնդիրը, քանի որ մարդիկ չեն աշխատում, իսկ ինքնաթիռի տոմսի արժեքը տատանվում է 14.000-15.000 ռուսական ռուբլու սահմանում:
«Ես ընտանիք գիտեմ այստեղ, որ կնոջ և 2 երեխաների հետ են այստեղ, ու այդպիսի շատ ընտանիքներ կան: Այդ մարդիկ, եթե հիմա չեն աշխատում, չեն կարողանում իրենց հարցերը լուծել, ո՞նց ընտանիքի ամեն անդամի համար 14.700 ռուբլի վճարեն, պատկերացնո՞ւմ եք՝ դա ի՞նչ գումար է կազմում, եթե 3-4 հոգի են: Մարդիկ կան՝ իրենց վեշերով են, մի հատ էլ, բացի ինքնաթիռի տոմսը, պետք է վեշերի համար առանձին գումար տան: Մի խնդիր էլ կա, բա մեքենաներն ի՞նչ անեն, եթե այդքան տարի տանջվել են ու պարզապես փոխադրամիջոց են առել, ոչ թե ճոխություն, որ կարողանան իրենց ընտանիքի հետ կապված հարցերը լուծել: Այդ մեքենան էլ թողեն այստեղ, հետո ե՞րբ հետ գան, նորից գումար ծախսեն՝ Հայաստանից հետ թռնե՞ն, նորից ծախս անեն, որ իրենց մեքենան քշեն-բերեն Հայաստա՞ն, դա այնքան էլ խելքին մոտ չէ»:
Քաղաքացին ևս մեկ անգամ դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինայնին. «Մի հատ միջանցք բացվի, որ այս ժողովուրդը կարողանան իրենց գույքով, մեքենաներով գան-հասնեն իրենց տուն»: