Փոստային կապի միջոցով դեղերի առաքման գործընթացը պարզեցվել է
Հայփոստի միջոցով դեղեր ներմուծող քաղաքացիների համար այսուհետև առաքման գործընթացը փոստային կապի միջոցով ավելի պարզեցված կլինի:
Այս մասին տեղեկացնում են «Հայփոստ» ՓԲԸ-ից:
«Քաղաքացիներն իրենց առաքանիներն այսուհետև կստանան առանց ՀՀ մաքսային ծառայության կողմից բեռի պահման, եթե առաքանիում առկա դեղամիջոցը քաղաքացին ներմուծում է առաջին անգամ (տարվա մեջ միայն մեկ անգամ) և դեղամիջոցը չի գերազանցում թվով 5 անվանում (յուրաքանչյուր անվանումից մինչև 3 տուփ/սպառողական փաթեթ)։ Նախկինում դեղեր պարունակելու պատճառով ՀՀ մաքսային ծառայության կողմից պահված առաքանիների վերաբերյալ Մաքսային մարմինների և «Հայփոստ» ընկերության կողմից մշակվում է ընթացակարգ` դրանք քաղաքացիներին հանձնելու համար»,- նշում են «Հայփոստ»-ից և հայտնում, որ ընթացակարգի մասին ՀՀ քաղաքացիները կտեղեկացվեն վերջինի հաստատման պահից:
Օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1302-Ն որոշումը, համաձայն որի` ֆիզիկական անձինք կարող են միջազգային փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր: