«Ես աշխատել եմ լուծել երկրի խնդիրները և ոչ թե վարկանիշը պահելու համար հաճոյանալ ներքին լսարանին». Սերժ Սարգսյան

«Ես ոչ միայն այդ ժամանակ, երբ  օդանավում զրուցում էի լրագրողների հետ, ես ամսի 5-ին էի համոզված, որ մենք հաղթել ենք, բայց իրադրությունը պահանջում էր, որ դա չշեփորահարենք»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մայիսին օդանավում լրագրողներին տված հարցազրույցում նա չէր օգտագործում «հաղթանակ» բառը:

«Դրա օգուտը շատ ավելի քիչ կլիներ, վնասն ավելի մեծ կլիներ: Մեզ անհրաժեշտ էր ստանալ նաև դիվանագիտական առավելություն, մեզ անհրաժեշտ էր ունենալ փաստաթուղթ, բարաթ, որտեղ մեր երկարատև աշխատանքն արձանագրում կունենար, և մենք ունեցանք դա: Հիմա Ձեր կարծիքով՝ ո՞րն էր ավելի կարևոր, մենք խոսեինք առաջին իսկ օրից մեծ հաղթանակի մասին, դրանով գրգռելով Ադրբեջանի ժողովրդին, նրանց ղեկավարին, որպեսզի նրանք շատ կարծր դիրքորոշում ունենա՞ն բանակցային սեղանի շուրջ: Իհարկե, միգուցե, մեր ներքին լսարանի համար դա օգտակար կլիներ, բայց, ինչպես, վստահ եմ, նաև Դուք եք համոզված, ես շատ քիչ եմ աշխատել ներքին լսարանի համար, ես ցանկացել եմ լուծել իմ երկրի հետ կապված խնդիրները, կարևորագույն խնդիրները, դա է ավելի կարևոր, քան վարկանիշը՝ պաշտպանելու համար ներքին լսարանին հաճոյանալը: Էդ ա իմ էությունը, էդ ա իմ աշխատաոճը, ես ուրիշ կերպ չէի կարող ասել, չէի կարող անել»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս