«Այսօր պատերազմի հավանականությունը չափազանց մեծ է. սա է նաև այսօրվա ասուլիսի պատճառը». Սերժ Սարգսյան

«Իմ ասելիքը պայմանավորված է նրանով, որ իրադարձություններ են տեղի ունենում և՛ մեր երկրում, և՛ մեր երկրի շուրջ, և այդ իրադարձությունները, իմ պատկերացմամբ, շատ սերտ շաղկապված են նաև ապրիլյան իրադարձությունների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով՝ ապրիլյան պատերազմը լոկ պատերազմ չէր:

«Ապրիլյան պատերազմը ռազմաքաղաքական մեծ իրադարձություն էր, որն ազդեցություն ունեցավ մեր երկրի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական օրակարգերի վրա: Ապրիլյան պատերազմը շատ սերտ շաղկապված է Արցախի Հանրապետության պաշտպանության և անվտանգության հետ, ուստի դա մեր ժողովրդի կենսական հարցերից մեկն է: Ապրիլյան պատերազմը շատ սերտ շաղկապված է ԼՂ բանակցային գործընթացի հետ, որ, ցավոք սրտի, իմ կարծիքով՝ կամ փակուղի է մտել, կամ ընթանում է ոչ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում, դրանով ավելացնելով պատերազմի վտանգը: Ինչպես ասացի՝ ապրիլյան քառօրյան սերտորեն շաղկապված է նաև արտաքին քաղաքականության հետ, ուստի այն իրադարձությունները, որ այսօր տեղի են ունենում մեր երկրի շուրջ, չափազանց վտանգավոր են: Եթե իմ ասածները հանրագումարի բերենք, ես կարող եմ ասել, որ այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է: Իսկ յուրաքանչյուր մարտական գործողություն, պատերազմ՝ լինի քառօրյա, յոթնօրյա, ավելի երկար թե կարճ, ճիշտ ուսումնասիրվելու անհրաժեշտություն ունի, ճիշտ հետևություններ անելու անհրաժեշտություն ունի: Նույնիսկ զորավարժություններից հետո Զինված ուժերում կազմվում է թերությունների ցանկ և անելիքների ցանկ, որպեսզի հաջորդ զորավարժություններին կամ, Աստված մի արասցե, մարտական գործողություններին ավելի պատրաստ լինեն կամ կարողանան կանխել այդ վերահաս վտանգը: Սա է այսօրվա ասուլիսի պատճառը: Մյուս կողմից էլ՝ դուք վստա՞հ եք, որ տեսանելի ապագայում արտակարգ դրությունն ավարտվելու է, ես այդքան էլ վստահ չեմ»,- ասաց Երրորդ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս