«Ես խոստանում եմ՝ եթե շատ մեծ ծայրահեղություն չլինի, մինչև 2050թ. չհրապարակել որևէ բան». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ-ում ստեղծված ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ առաջարկեց ասուլիսի ընթացքում չխոսել հանձնաժողովի մասին:
«Ես խոստացել եմ հանձնաժողովում, որ, եթե նրանք ինձ տրամադրեն գոնե իմ պատասխանները՝ նրանց բոլոր հարցերին, ապա ես չեմ հրապարակի հանձնաժողովում հնչած որևէ կարծիք, որևէ հարց։ Նույնիսկ ասել եմ, որ, եթե ամբողջը տաք, իսկ նրանք ամբողջն ինձ տվել են, ես խոստանում եմ՝ եթե շատ մեծ ծայրահեղություն չլինի, մինչև 2050թ. չհրապարակել որևէ բան: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ես խոստումս պահեմ: Բայց ավելացնեմ, որ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը ներկայացնելու է ԱԺ-ում: Դրանից հետո անպայման մենք առիթ ենք ունենալու հանդիպելու, որպեսզի կամ համաձայնենք, կամ չհամաձայնենք հանձնաժողովի կարծիքների հետ: Այն ժամանակ մեծ հաճույքով կպատասխանեմ ձեր հարցին»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը: