«Սևանի արևելյան ափի տնտեսական զարգացման ռազմավարական հիմք է դրվել». Ն. Փաշինյան
«Ես գործնականում Սևանա լճի շուրջ պտույտ կատարեցի, և այդ ընթացքում ահագին կանգառներ ունեցանք: Եվ պետք է ասեմ, որ այցը շատ տպավորիչ ստացվեց»,- երեկ Գեղարքունիքի մարզ կատարած իր այցը վերադարձին ֆեյսբուքյան լայվ հեռարձակմամբ ամփոփելիս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ այցը հենց երեկ կատարվեց, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պարետատան որոշմամբ՝ մի շարք սահմանափակումներ հանվել են, և հիմա հնարավորություն կա գալ ու մարդկանց հետ շփվել:
«Ի՞նչ տեսա և ինչի՞ վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել: Նախ՝ մենք 2018թ. այսպիսի մի ռազմավարական ծրագիր որդեգրեցինք, որ Սևանա լճի շուրջ ճանապարհները պետք է լինեն բարձր մակարդակի, և ես կարող եմ ասել, որ գործնականում այս խնդրի լուծման եզրափակիչ փուլին ենք հասել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ, օրինակ, Վարդենիսից Շորժա ընկած Արեգունի-Ծափաթաղ հատվածը երբեք պատմության ընթացքում ասֆալտապատված չի եղել, և հիմա այնտեղ փայլուն ճանապարհ է կառուցվել:
Վարչապետի խոսքով՝ ճանապարհների այս հասանելիությամբ Սևանի արևելյան ափի տնտեսական զարգացման ռազմավարական հիմք է դրվել, քանի որ այդ հատվածում եղանակային պայմանները լավն են, ու ինքը համոզված է, որ այդտեղ շատ լուրջ ներդրումային ծրագրեր կիրականացվեն, բայց դրանք պետք է լինեն էկոտուրիզմի տրամաբանության մեջ, որ շրջական միջավայրին որևէ վնաս չհասցվի:
Մանրամասները՝ տեսանյութում