«Կարծում եմ՝ շատ ողջամիտ ժամկետներում կունենանք նոր գլխավոր ճարտարապետ». Հակոբ Կարապետյան
«Դա զուտ տեխնիկական մանրուք է»: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ քաղաքապետի արձակուրդի ժամանակ հեռանալու հանգամանքին:
«Քաղաքապետ Մարությանի և պարոն Մեսչյանի միջև փայլուն գործընկերային հարաբերություններ են եղել միշտ, չհաշված, որ շատ լավ մարդկային մտերմություն կար իրենց միջև, որը հիմա էլ պահպանվում է: Եթե հիշում եք, պարոն քաղաքապետն էլ իր ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ պարոն Մեսչյանն իր առաջին ասուլիսներից մեկում ասաց՝ ես 2 տարի ժամանակ եմ իմ վրա դրել, այսինքն՝ նախօրոք էլ քաղաքապետի հետ պայմանավորվածությունը դա է եղել: Պարոն Մեսչյանի ցանկությունն է եղել, որ ինքն աշխատելու է 2 տարի, 1 ամսից հետո կդառնար 2 տարի»,- ասաց Կարապետյանը:
Հարցին՝ քննարկվե՞լ է, թե ով է փոխարինելու Արթուր Մեսչյանին, քանի որ նրա հրաժարականի դիմումը հանկարծակի չի եղել, դեռ այդ պաշտոնում նշանակվելուց հետո էր Մեսչյանը հայտարարել, որ 2 տարի է պատրաստվում զբաղեցնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, և օրենքով որքա՞ն կարող է թափուր մնալ այդ պաշտոնը, Կարապետյանը պատասխանեց.
«Երբ կլինի, մենք անմիջապես կիմանանք, հանրությունն էլ տեղյակ կլինի: Ես պետք է խոստովանեմ, որ օրենքին փայլուն չեմ տիրապետում, բայց կարծում եմ՝ շատ ողջամիտ ժամկետներում կունենանք նոր գլխավոր ճարտարապետ»:
Հարցին, թե քանի՞ թեկանածու է հավակնում Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնին, քաղաքապետի խոսնակը պատասխանեց. «Ես չեմ մասնակցում այդ քննարկումներին»: