«Պետք է բոլորն օրենքի առաջ համահավասար ձևով պատասխանատվության ենթարկվեն». Վահե Էնֆիաջյանը՝ «Սասնա ծռեր»-ի մասին

Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը, ի թիվս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այլ պատգամավորների, դեռևս 2018 թվականին անձնական երաշխավորություն է ներկայացրել «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների համար, անհեթեթություն է համարում մամուլում շրջանառվող լուրերը, թե այդ քայլին գնացել են, որովհետև առջևում 2018 թվականի արտահերթ ընտրություններն էին, և կարիք կար աջակիցների համախմբելու։

«Սա ամբողջությամբ ապատեղեկատվություն է։ Մեր անձնական միջնորդությունը որևիցե կերպ դատական վճռի վրա ազդեցություն չէր կարող ունենալ. ընդամենը մենք միջնորդել ենք նրանց ազատության մեջ պահեն՝ մինչև վերջնական վճռի կայացումը։ Խոսքը գնում էր Արցախի ազատամարտի մասնակից մեր հայրենակիցների մասին, և միջնորդել ենք, որ նրանք ազատության մեջ լինեն, բայց մենք բոլորս էլ գիտակցում ենք, չէ՞, թե ինչպիսի գործողություն է տեղի ունեցել, և մեղավորները պետք է պատժվեն, պետք է բոլորը օրենքի առաջ համահավասար ձևով պատասխանատվության ենթարկվեն։ ՀՀ քաղաքացիներ են մահացել, ճակատագրեր են խեղվել և, բնականաբար, պետք է պատասխան տան այն մարդիկ, որոնք գնացել են նման գործողության, իսկ անձնական երաշխավորություն տվել ենք, որովհետև ասվել է, որ այդ անձինք ՀՀ տարածքից չեն բացակայի և այդ ժամանակաշրջանում այլ գործողությունների չեն  մասնակցի, մենք որոշել ենք այդ երաշխավորությունը տալ»,- ասաց Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ երբեք «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ կապված՝ չի օգտագործել քաղբանտակյալ ձևակերպումը, ինչը չի անի նաև այսօր։

Ինչ վերաբերում է նրան, որ զինված խմբավորումից 2019 թվականին վերափոխված «Սասնա ծռեր» կուսակցության որոշ անդամներ իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակել են մի պաստառ, որը վերնագրված է «ՊՊԾ-2», և  կից մի շարք նախկին և ներկա պաշտոնյաների լուսանկարներ են, այդ թվում և՝ Գագիկ Ծառուկյանի, Վահե Էնֆիաջյանը  նշեց. «Կան իրավապահ մարմիններ, եթե որևէ քրեածին արարք կա, ապա պետք է լինեն  պատասխանատվության ենթարկվողներ»։

Խոսելով ներքաղաքական կյանքում նկատվող պասիվության մասին՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ, թեև քաղաքական պասիվ շրջան է, սակայն, միևնույն  է, իրենց խմբակցությունը հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ, լսում նրանց դժգոհությունները, վեր հանում սոցիալական բազմաթիվ խնդիրներ ու բարձրաձայնում դրանք։

Դիտարկմանը, թե բարձրաձայնելուց զատ, որպես խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժ, այլ ի՞նչ գործողությունների  են դիմում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ավելի վաղ հայտարարել էին Կառավարության 100 տոկոսի հրաժարականի մասին, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց.

«Գագիկ Ծառուկյանի՝ հունիսի 5-ն արված հայտարարությունն արձանագրեց այն փաստը, որ 100 տոկոսով փոփոխությունների կարիք կա, ու հիմա ի՞նչ է թվում, մի՞թե հիմա պետք է լռենք, ո՛չ, կաշկանդված չենք, ընդդիմության պարտականությունն է՝ ուսումնասիրել և փաստեր ներկայացնել քաղաքացիներին և անհրաժեշտության դեպքում պահանջել վարչապետի, փոխվարչապետի, նախարարների, մարզպետների և տասնյակ պաշտոնյաների անգործության մասով հրաժարականները. կաշկանդված չենք նման հայտարարություններ անել ու հրաժարականներ պահանջել, բնականաբար»,- ասաց Էնֆիաջյանը։

 

Հարցարզույցի մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս