«Բոլոր ոլորտներում ցույցեր են, բայց դրանք համարում եմ տնային ցույցեր». Գալուստ Սահակյան

«Հացադուլը ծայրահեղ քայլ է, բայց յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ այս պահին ինչպես պետք է գերագնահատի երևույթները, ինքն այդպես է գնահատել և պայքարում է կոնվենցիաների դեմ, որը, կարծում եմ՝ մեր ազգի համար թշնամություն առաջացնող պրոցեսներ է սկսում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, որն այցելել էր արդեն 7-րդ օրը հացադուլի մեջ գտնվող բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին:

Բռնցքամարտիկը պահանջում է, որպեսզի ազգով մտահոգված բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն, քանի որ այսօրվա իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեքները: Բռնցքամարտիկը մասնավորապես դեմ է Ստամբուլյան կոնվենցիային, Լանզարոտեի կոնվենցիային, հանրակրթական չափորոշիչներին, անօրինական բռնություններին և այլն:

«Իսրայել Հակոբկոխյանը բավականին լուրջ մտորումներ ունի և գնացել է այդ ճանապարհով: Խնդիրը հետևյալն է. մի քանի օր է՝ ես նայում եմ, շատ մարդիկ են մոտենում: Մոտեցող մարդիկ, բնականաբար, հավատում են մեր ազգի և  մեր պետության հարատևության խնդրին: Սա է նրա գործունեությունը»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք այս 2 տարվա ընթացքում հասել ենք այնպիսի իրավիճակի, որ բռնցքամարտիկը գնում է նման ծայրահեղ քայլի, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

«Խնդիրը մեր ժամանակի մեջ չէ, մեր քայլերի մեջ է: Հիմա այնպիսին է իրավիճակը, և մեզանից յուրաքանչյուրը փորձում է իր դրսևորումներն ունենալ: Խնդիրը վերաբերում է այսօրվա իշխանություններին, ես գտնում եմ, որ խնդիրն իշխանությունների մեջ չէ, խնդիրը՝ հանուն ազգի և պետության կայացման գործում է: Իշխանությունները կգան-կգնան, այնպես չէ, որ մարդիկ իշխանավոր են դառնում և մտածում են, որ ժողովուրդն այդ ճանապարհով պետք է գնա: Մենք հայեր ենք, ունենք մեր պատմական առաքելությունները, ազգային ծրագրերը և գնում ենք այդ ճանապարհով: Շատ լավ կլինի, որ մեր ժողովուրդը կարողանա այսօր խոսել իր ազգի, պետության մասին: Բոլոր ոլորտներում ցույցեր են, բայց դրանք համարում եմ տնային ցույցեր, որովհետև գյուղն իր ջուրն է ուզում, մյուս գյուղն իր մսացուն է ուզում վաճառի, մյուս գյուղերն իրենց գյուղատնտեսությունն են ուզում: Ես կուզեի, որ ժողովուրդը մտածեր իր ապագա երեխաների հետագա ճակատագրի մասին, հենց ժողովուրդը կարողացավ այդ աստիճան մտացումներ ունենալ, գտնում եմ, որ  ավելի խաղաղ պայմաններում կլինենք»:

Հարցին, թե ո՞րն է գործող իշխանության թույլ տված  ամենամեծ բացթողումը, որը մեր երկրի համար վտանգ է ներկայացնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

«Իշխանությունների մասին չեմ էլ ուզում բան ասեմ, որովհետև իշխանությունն ինչ որ խոստացել էր՝ որևէ բան չի կատարվել մեր պետության մեջ: Երբեմն ինձ ասում են՝ բա ասֆալտապատ փողոցնե՞րը, դրանից 10, 20, 30 և ավելի ասֆալտել ենք փողոցները… Իշխանությունը ասֆալտապատման խնդիր չպե՛տք է լուծի, իշխանությունը պետք է լուծի ժողովրդի կարիքների հարցը, նրանց սոցիալական վիճակը պետք է կարողանա լուծել: Կլուծի՞ այս իշխանությունը, ուրեմն գտնում եմ, որ լավ իշխանություն է, չի՛ լուծի այդ հարցերը, գտնում եմ, որ նոր իշխանություն է պետք: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մի քանի տարբերակների համար մեր ժողովուրդը մտածի, նախ ժամանակավոր իշխանություն՝ 2 տարվա, որը կկազմակերպի խորհրդարանային ընտրություններ, իսկ եթե նման խնդիրներ չլինեն, ինքը՝ ժողովուրդը, ոտքի կկանգնի»:

Տեսանյութեր

Լրահոս