Բաժիններ՝

«Օրը 12.000 դրա՞մ, հաստա՞տ, վատ չի». Լճաշենի մանկապարտեզը նորոգող բանվորների աշխատավարձը գոհացրեց վարչապետ Փաշինյանին

Վարչապետն Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնք՝ ծանոթանալու տեղի մանկապարտեզի նորոգման աշխատանքներին: Գյուղում վարչապետին դիմավորեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը և համայնքի բնակիչները:

Կատարվող աշխատանքների ընթացքին ծանոթանալիս վարչապետը հավաքվածներին ժամանակ առ ժամանակ հորդորում էր պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ երեխաներից էլ ճշտում, թե մի՞շտ են դիմակ կրում, թե՞ վարչապետի գալու առիթով  միայն.

«Էդ միշտ ե՞ք դիմակով, թե՞ ես եկել եմ…»:

Մարզպետը  վարչապետին ներկայացրեց մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ նորոգումից հետո ավելի շատ երեխա կկարողանա հաճախել.

«Այստեղ 3 խումբ էր գործում, և գյուղի երեխաների մի մասը հնարավորություն չունեին հաճախելու, իսկ վերանորոգումից հետո 4 խումբ կգործի, և գյուղի բոլոր երեխաները, որոնք մանկապարտեզի տարիքի են, հնարավորություն կունենան հաճախել»:

Մարզպետի խոսքով՝ այս համայնքում 7 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, որոնցից 4-ը՝ նախորդ տարի, 3-ն՝ այս:

«Այս ասֆալտապատումը, լուսավորությունը նախորդ տարվա ծրագիր է: Նախորդ տարի այս համայնքում թանգարանի ծրագիր ենք իրականացրել սուբվենցիայով: Մի քիչ համավարակը խանգարեց թանգարանի գործելուն, բայց վերանորոգումն արվել է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց գյուղական համայնքներում գծանշման աշխատանքներից.

«Գյուղական համայնքներում, բնակավայրերում գծանշման աշխատանքները չե՞ն մտնում մեր տեխնիկական ծրագրերի մեջ: Պետք է կամաց-կամաց այդ կուլտուրան բերել, ոչ շատ թանկ, բայց կարևոր բաներ են»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան է աշխատանքների ծավալը, ինչին համայնքի ղեկավարը պատասխանեց՝ 18 միլիոն:

Իսկ մանկապարտեզում շրջայցի ընթացքում վարչապետին դիմավորեցին շարք կանգնած բանվորներ, որոնցից էլ  Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար են վաստակում, ինչին աշխատակիցները պատասխանեցին՝ 10-12 հազար դրամ, հանգստանում են միայն կիրակի օրերը:

Նիկոլ Փաշինյանն էլ զարմացած արձագանքեց

«Օրը 12.000 դրա՞մ, հաստա՞տ, վատ չի»:

Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ գյուղում խմելու և ոռոգման ջրի խնդիր չկա, ամբողջ գյուղի լուսավորությունն ավարտել են, աղբահանության հարցը լուծված է: Համայնքում առկա են՝ երաժշտական դպրոց, թանգարան, սպորտդպրոց, զբոսայգի և այլն, սակայն զբաղվածության խնդիր կա համայնքում.

«Զբաղվածության խնդիրն է միայն, դրա համար ուզում ենք չմշակվող հողերը մշակել տանք»:

Համայնքի ղեկավարի դիտարկմանը, որ վերջին 2 տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրով իրենց համայնքին 60 միլիոն դրամ է տրամադրվել, Փաշինյանն ասաց.

«Ամեն տարի պետք է մեծացնենք ծավալը, մարդիկ էլ, որ տեսնեն՝ այս փոփոխություններն իրենց գյուղի համար հարցեր է լուծում՝ հարկ վճարելուն էլ իրենց վերաբերմունքը կփոխվի, երբ գույքի հարկ են վճարում, հողի հարկ են վճարում: Հիմա տեսեք, որ ասում եք՝ ոռոգման ջուրն անվճար է, չէ՞, դա մի կողմից լավ է, մյուս կողմից էլ վատ է: Մենք անընդհատ ասում ենք՝ վայ, մեր ժողովուրդը փող չունի, պետք է ամեն ինչ անվճար սարքենք, ընդհակառակը պետք է անենք, պետք է ասենք՝ ո՞նց անենք, որ մեր ժողովուրդը լավ փող աշխատի, որ գույքահարկն էլ վճարի, ջրի հարկն էլ վճարի, բոլոր հարկերն էլ վճարի, որովհետև այդ հարկը հո մե՞զ չի վճարում, ինքն իրեն է վճարում, կառավարությունն ու համայնքապետարանն այս մանկապարտեզը, որ սարքել են, ո՞ւմ համար են սարքել, մեր երեխեքն են, էլի, բայց առաջին հերթին գյուղի երեխեքն են, այս վերաբեմունքը պետք է փոխվի: Մարդկանց պետք է օգնենք, որ շատ փող աշխատեն, այդ հարկն էլ ընդհանուր գրպանի մեջ դնեն, որ մեր ընդհանուր հարցերն էլ լուծվի»,- համայնքի ղեկավարի ու ներկաների համար պարզաբանեց վարչապետ Փաշինյանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս