Ո՛չ տուն, ո՛չ թանկարժեք իրեր. որքա՞ն գումար են հայտարարագրել Տիգրան Ավինյանն ու կինը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր և կնոջ հայտարարագրերը. նշենք, որ, ինչպես Ավինյանը, այնպես էլ բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հայտարարագրերը ներկայացրել են հայտարարագիր ներկայացնելու համար սահմանված վերջին օրը՝ մայիսի 31-ին։

Եվ այսպես, փոխվարչապետ Ավինյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված և օտարված անշարժ գույք և տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է ավտոտնակ (տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը), ավտոհանգրվան և ավտոկայանատեղի, որը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում։

Ավինանն այն ստացել է որպես նվիրատվություն՝ ըստ հայտարարագրի։

Փոխվարչապետը չի հայտարարագրել ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք, հանձնած և վերադարձված ավանդներ և փոխառություններ, ինչպես նաև թանկարժեք գույք։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,651,248.00 ՀՀ դրամ և 2,760.00 ԱՄՆ դոլար, որպես էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ՝ Ավինյանը հայտարարագրել է 2.00 բիթքոին։

Կանխիկ գումար ևս չի հայտարարագրել։

Որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված վճար փոխվարչապետ Ավինյանը հայտարարագրել է 19,653,386.00 ՀՀ դրամ՝ ստացված ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2018 թվականի տարեկան հայտարարագրում, երբ Ավինյանը դարձյալ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը՝ որպես աշխատանքի վարձատրություն՝ հայտարարագրել էր 13,271,256.00 ՀՀ դրամ՝ ստացված որպես այլ եկամուտ և փոխառություն, իսկ թե որտեղից է ստացել այդ այլ եկամուտը, հայտարարագրում նշված չէ։

2018 թվականի հայտարարգրում Ավինյանը որպես դրամական միջոց հայտարարագրել էր 12,475.00 ԱՄՆ դոլար և 7,000,000.00 ՀՀ դրամ։

Նշենք, որ 2018 թվականի հայտարարագրում ևս Տիգրան Ավինյանը չի հայտարարագրել անշարժ կամ շարժական գույք և տրանսպորտային միջոց։

Որպես փոխկապակցված անձ՝ փոխվաչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է կնոջ՝ Մարիամ Պահլավունու հայտարարագիրը։

2019 թվականի համար ներկայացված հայտարարագրում փոխվարչապետի կինը հայտարարագրել է 1 տրանսպորտային միջոց՝ MITSUBISHI 2011 թվականի արտադրության, որը, սակայն, 2019 թվականի վերջում առկա չի եղել։

Նրա բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) կազմել են 2,975,316.00 ՀՀ դրամ։

Որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարում՝ փոխվարչապետի կինը հայտարարագրել է 3,548,000.00 և 121,760.00 ՀՀ դրամ։

Իսկ ահա 2018 թվականի տարեկան հայտարարագրում Մարիամ Պահլավունին հայտարարագրել էր MITSUBISHI ASX 2.0 GAS մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ 8000 ԱՄՆ դոլար արժեքով, դրամական միջոցները կազմել են 4,000,000.00 ՀՀ դրամ, աշխատանքի վարձատրությունը կազմել է 5,390,000.00 ՀՀ դրամ։

Տեսանյութեր

Լրահոս