300 հազար ՌԴ քաղաքացիների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Հայաստանից գնված ու հայկական պետհամարանիշերով Ռուսաստանում մեքենաներ վարող 300 հազար քաղաքացի, որոնց պնդմամբ, իրենք Ռուսաստանում «հանկարծակի հայտնվել են օրենքից դուրս» կարգավիճակում, բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ԵԱՏՄ երկրներին հրապարակայնորեն փոխանցել Հայաստանի դիրքորոշումն առկա իրավիճակի վերաբերյալ:
Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Հարգելի պարոն վարչապետ
Նիկոլ Վովաևիչ Փաշինյան
Կարծում ենք, որ ոչ այնքան հաճախ են մեկ այլ պետության քաղաքացիներ օգնության համար դիմում Ձեզ: Բայց մեր դեպքը առանձնահատուկ է, և մենք ՝ Ռուսաստանի 300 հազար քաղաքացի, այսօր դիմում ենք Ձեզ՝ աջակցության համար:
Հավատալով Եվրասիական միության սկզբունքներին, որի շրջանակներում մարդիկ, ապրանքները և կապիտալը ազատ տեղաշարժվում են, մենք եկանք Հայաստան և մեզ համար գնեցինք այդտեղ մաքսազերծված ատոմեքենաներ, որպեսզի կարողանանք դրանք վարել տանը՝ Ռուսաստանում: Մեզանից ոմանք հենց իրենք մաքսազերծեցին մեքենաները, ոմանք տեղի բնակիչներից գնեցին արդեն իսկ մաքսազերծված մեքենաներ:
Մենք գնացինք այդ քայլին, քանի որ մինչև 2020 թվականը Հայաստանում գործում էին ավելի ցածր մաքսային դրույքներ, քան ԵԱՏՄ մյուս երկրներում, և առաջին հերթին մեր հայրենիքում: Այսինքն ՝ մենք կարողացանք ավելի քիչ գումարով մեզ թույլ տալ գնել լավագույնս պահպանված/պահված մեքենաներ, որոնք հիմնականում բերվում էին Ճապոնիայից և Միացյալ Նահանգներից:
Մեզանում կան բազում բազմազավակ ընտանիքներ, կան հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր պարզապես չէին կարող գտնել իրենց գրպանին համապատասխան մինիվեններ ռուսական ավտոշուկաներում: Նրանց դիմումները կարելի է տեսնել ինտերնետում ՝ #свободуармавто հեշթեգով:
Իհարկե, նախքան Հայաստանում մեքենաների համար մեկնելը, մեզանից շատերը դիմումներ էին ուղարկել Ռուսաստանի մաքսային ծառայություն և ճանապարհային ոստիկանություն, որտեղից էլ նրանք մեզ միաձայն պատասխանել են. ձեզ համար սահմանափակումներ չկան, եկեք հայկական համարանիշերով և հանգիստ վարեք Ռուսաստանում:
Մենք հաստատ չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել 2020 թվականի հունիսին, բայց հանկարծ Ռուսաստանի ճանապարհային ոստիկանությունը, իր ղեկավարության հրահանգով, սկսեց կանգնեցնել հայկական համարանիշով գրանցված մեքենաները, այն էլ ամենուրեք՝ Սիբիրից մինչև Սև ծով, և Դաղստանից մինչև Մոսկվա: Հանկարծ պարզվեց, որ Հայաստանում գնված մեքենաները պետք է մաքսազերծվեն, այսինքն՝ պետք է վճարել, օրինակ, մեկ միլիոն ռուբլի գումար կես միլիոն արժողությամբ ավտոմեքենայի համար: Եվ եթե դա չարվի, ապա մեքենան տարվելու է, կանգնեցվի հատուկ կայանատեղիում և, ի վերջո, վաճառվելու է աճուրդում:
Ինչո՞ւ ենք մենք կապվում Ձեզ հետ: Մենք արդեն ստեղծել ենք տրիլիոնավոր դոլարների եկամուտներ՝ Հայաստանի տնտեսության համար, մենք Հայաստանում հարկեր ենք վճարել և ուզում ենք վարել մեր մեքենաները, քանի որ մեզանից գրեթե ոչ ոք, իհարկե, չի կարող իրեն թույլ տալ մեքենաները մաքսազերծել ռուսական սակագներով՝ երկու-երեք անգամ բարձր մեքենայի ինքնարժեքից:
Հայաստանը մեզ վրա գրանցել է մեքենաները և հանգիստ թողել, որ անցնենք սահմանը, այսինքն՝ համարել է, որ մենք օրինական ենք տիրապետում մեր գույքին: Մենք խնդրում ենք Ձեզ հրապարակայնորեն փոխանցել Հայաստանի դիրքորոշումը ԵԱՏՄ մյուս անդամներին և լուծել մեզ՝ հայ հարկատուներիս համար առկա անհույս իրավիճակը:
Սպասում ենք Ձեր պատասխանին: Հայերի մեծամասնությունը հավատում է Ձեզ և ոգեշնչում է Ձեզանով, և մենք էլ, նրանց հետևելով, ապավինում ենք Ձեր աջակցությանը:
Հայկական հաշվառում ունեցող ավտոմեքենաների ռուսաստանցի սեփականատերերի բազմազգ համայնք»:
Պատրաստեց 168.am-ը