ՀԱՊԿ-ի պատասխան քայլը՝ թուրք-ադրբեջանական զորավարժություններին և Թուրքիայի՝ «հարավկովկասյան»  հավակնություններին

Թուրք-ադրբեջանական զորավարժություններից անմիջապես հետո ՀԱՊԿ-ն հատուկ զորավարժություն է անելու:   Մասնավորապես, «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, օգոստոսի 17-20-ը ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը, համատեղ հատուկ զորավարժություններ կանցկացնեն Աստրախանի մարզի «Կապուստին Յար»՝  զորավարժարանում՝ «Էշելոն-2020»։

ՀԱՊԿ Միացյալ շտաբից տեղեկացրել են, որ  զորավարժությունների նպատակը հետևյալում է՝ զինվորականները կարողանան մշակել Կովկասյան տարածաշրջանում սահմանային կոնֆլիկտի տեղայնացման  համատեղ գործողության նյութատեխնիկական ապահովման հարցերը:

Արդյո՞ք ՀԱՊԿ հատուկ զորավարժությունն արձագանք է կամ պատասխան հուլիսի  29-ից օգոստոսի 10-ն անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությունների, «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս զորավարժություններն ուղիղ առնչություն ունեն Թուրքիայի՝ Հարավային Կովկասում աճող հավակնությունների հետ։

«Բացի այն հանգամանքից, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, ՌԴ-ն մեր տարածաշրջանում ներկայացված ավանդական խաղացողներից է, որի շահերին հակասում է Թուրքիայի ակտիվացումը նաև այս ուղղությամբ։ Բնական է, որ ՌԴ-ն,  նույն պատճառով նաև Իրանը, ամեն գնով հակազդելու են Թուրքիայի հնարավոր ակտիվացմանը։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը  տավուշյան իրադարձություններից հետո ակնարկել է, որ իր համար անընդունելի է Թուրքիայի գերակտիվությունը մարտական գործողությունների համատեքստում, և բացի քաղաքական անհամաձայնությունից, գործուն ջանքեր է գործադրում՝ ի ցույց դնելու ՀԱՊԿ-ի և առանձին նաև ՌԴ-ի քայլերն իր համար ոչ նպաստավոր զարգացումների պարագայում»,- մանրամասնեց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ հուլիսյան գործողությունների օրերին Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներն անակնկալ մարտական պատրաստության բարձր աստիճանի  էին բերվել, զորավարժություններ էին սկսվել հարավային և արևմտյան ռազմական շրջաններում:

Այս զորավարժություններին  ՀՀ զինված ուժերը ներգրավել էին բավականին մեծ՝ մեկ գնդին հավասար ուժեր՝ տանկային,  հրետանային, մոտոհրաձգային և այլն:

Այս առնչությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շտապել էր հեռախոսազրույց ունենալ  ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

«Տվյալ միջոցառումը պլանային է և որևէ կերպ առնչություն չունի հայ-ադրբեջանական սահմանագոտում ընթացիկ իրավիճակի հետ»,- ասել էր Շոյգուն:

Հավելենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգել էր ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին՝ անհանգստություն հայտնելով, թե «հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողություններից անմիջապես հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան», ինչի առնչությամբ փորձել է պարզաբանում ստանալ:

Իր հերթին՝ Պուտինն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը, նույնը նա ասել էր ավելի վաղ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս