«ՎԶԵԲ-ի դուրս մնալը ներդրումային ծրագրից կարող է միայն բացասական հետևանք ունենալ պետության ներդրումային միջավայրի համար». «Լիդիան Արմենիա»-ի իրավաբան

«Լիդիան Արմենիա»-ի իրավաբան, փաստաբան, ԵՊՀ դասախոս Նունե Հայրապետյանն այն կարծիքին է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության բնականոն գործունեությունն իրականացնելու իրավունքն արդեն երկու տարի ապօրինաբար  սահմանափակված է այն պատճառով, որ որոշակի անձինք փակում են ընկերության տարածքներ տանող ճանապարհները:

«Վերջին օրերին իրավիճակը գուցե մի փոքր ավելի սրվել է այն իմաստով, որ ուշադրություն կա դրա վրա, թե չէ՝ երկու տարի է՝ նույն իրավիճակն է: Իրավապահ մարմինների, մասնավորապես՝ Ոստիկանության գործողություններն այս պարագայում ոչ պատշաճ են իրականացվում: Նկատի ունեմ այն, որ արդեն երկու տարի է՝ այդ անձինք, որոնք իրենց ակտիվիստ են համարում, ապօրինաբար փակել են տնտեսվարող սուբյեկտի օրինական տիրապետման տակ գտնվող տարածքների մուտքը: Հարց է ծագում՝ ո՞վ պետք է պաշտպանի հասարակական կարգը, եթե Սահմանադրությամբ այդ լիազորությունը վերապահված է Ոստիկանությանը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Լիդիան Արմենիա»-ի իրավաբանի խոսքով՝ ակտիվիստների բերած փաստարկները որևէ հիմք չունեն. «Մինչ օրս որևէ գիտականորեն հիմնավորված փաստ կամ թեկուզ իրավական հիմք՝ վերջինովս խարսխված, չի հնչել նրանց կողմից: ՇՄԱԳ-ի չեղարկումը կարող է իրականացվել միայն դատական կարգով: Ուստի կառավարությանը նման պահանջներ ներկայացնելը սխալ է, կառավարությունը չէ դրա հասցեատերը: «Լիդիան Արմենիա» ընկերության ՇՄԱԳ-ն աչքի է ընկնում միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանությամբ: Եթե «Լիդիան Արմենա» ընկերության ՇՄԱԳ-ը համեմատելու լինենք մյուս հանքերի ՇՄԱԳ-ի հետ, առաջին հայացքից ոչ մասնագետի համար, առնվազն այն, ինչ աչք է ծակում, ծավալն է՝ հազարավոր էջեր «Լիդիան Արմենիա» ընկերությանն է, մյուսներինը գրեթե դրա 1/10-ն է: Ուստի, երբ խոսում ենք ՇՄԱԳ-ի չեղարկման մասին, ապա, եթե այդ գործընթացը սկսվի «Լիդիան Արմենիա»-ի նկատմամբ, մնացած բոլորինը ևս պետք է չեղարկվի»:

Նրա խոսքով՝ հանրության որոշ հատվածի մոտ այն տպավորությունն է, թե «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությունը կասեցված է, սակայն, ըստ նրա՝ որևէ իրավական ակտ չկա, որի պատճառով ընկերությունը չի կարող իրականացնել իր գործունեությունը.

«Ընկերության գործունեության չիրականացման միակ պատճառը մի խումբ անձանց ապօրինի գործողություններն են»:

Դիտարկմանը, այսինքն՝ վախենում են ակտիվիստներից, նա այսպես արձագանքեց. «Չենք վախենում, խուսափում ենք բախումներից, որովհետև հասարակական կարգի պահպանությունը կրում է Ոստիկանությունը, որն իր գործառույթները պատշաճ չի կատարում»:

Օրերս հրապարակում եղավ այն մասին, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումն Ամուլսարի ծրագրում: Այսօր «Լիդիան Արմենիա»-ից պարզաբանում եղավ, որ ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին Հայաստանում տևական ապօրինության արդյունքում: Իրավաբանին խնդրեցինք պարզաբանել՝ ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել, և արդյո՞ք այս 2 տարիների իրադարձությունները ազդեցություն ունեցել են այս գործընթացի վրա:

«ՎԶԵԲ-ը չի դադարեցրել իր մասնակցությունը, պարզապես դուրս է մնացել այս ծրագրից այն պատճառով, որ երկու տարի շարունակական տևող ապօրինությունների հետևանքով՝ ընկերությունը ստիպված էր դիմել ռեստրուկտուրիզացիայի, որի հետևանքով ոչ միայն ՎԶԵԲ-ը, այլև մի քանի տասնյակ բաժնետերեր, նաև՝ մանր բաժնետերեր ընկերության, դուրս մնացին ընկերությունից: Դա տեղի է ունեցել մայիսին, նորություն չէ: Երեկ փորձում էին շահարկել, որ պահնորդների փոփոխության պատճառով է դա տեղի ունեցել, ինչն անհեթեթություն է: Կարելի է արձանագրել, որ թեման շահարկվում է, կարծես թե՝ «Լիդիան»-ի դեմ այն ներկայացնելով, մինչդեռ դա զավեշտալի է, որովհետև այդ երևույթը, որ ՎԶԵԲ-ը դուրս է մնացել ներդրումային ծրագրից՝ պետական իրավասու մարմինների անգործության հետևանքով, կարող է միայն բացասական հետևանք ունենալ տվյալ պետության ներդրումային միջավայրի համար, և ոչ թե՝ իքս տնտեսվարող սուբյեկտի համար»,- պարզաբանեց Նունե Հայրապետյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս