Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագիր՝ աշխատատեղերի պահպանման համար
Կառավարության այսօրվա հերթական նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ծրագիրը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին առնչվող գործունեության մի քանի տեսակներով զբաղվող կազմակերպություններին:
Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ըստ վերջին ամիսների տվյալների՝ այս ոլորտում ծառայությունների մատուցումից առաջացած եկամուտները նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ՝ կրճատված են ավելի քան 2 անգամ, ինչի հետևանքով կազմակերպությունները կանգնել են բիզնեսի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ ակտիվները պահպանելու զգալի դժվարությունների առջև:
Ըստ նախարարի՝ այս աջակցության նպատակը վերոնշյալ կազմակերպությունների աշխատակազմի և աշխատատեղերի պահպանումն է:
Շահառուների շրջանակը հետևյալն է.
1. Կացության կազմակերպում՝ ներառում է նաև առողջարանները
2. Հանրային սննդի կազմակերպում
3. զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ
4. զբոսաշրջային այլ ծառայություններ
Աջակցությունից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 3 աշխատակից և ստեղծվել են ոչ ուշ, քան մինչև 2020 թվականի մարտի 31-ը:
«Աջակցության չափը կհաշվարկվի եկամուտների համամասնությամբ՝ այդ գործակիցը կիրառելով աշխատավարձի ֆոնդի նկատմամբ, որպեսզի ստացվի աշխատակիցների այն ամսի վճարաչափը, որոնք հենց տուժած ոլորտներում են»,- ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այս աջակցության եղանակը յուրաքանչյուր 3-րդ կամ 4-րդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորումն է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում