Դեռ որևէ արձագանք չկա. ԲՈԿ նախագահը՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի հետ կապված՝ ԿԳՄՍ-ին իրենց դիրքորոշումը ներկայացնելու մասին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հուլիսի 17-ին ավելի քան 3 ժամ տևած նիստի արդյունքում կառավարման խորհրդի 26 անդամից 22-ը փակ գաղտնի քվեարկությամբ իր ձայնը տվեց հօգուտ համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի:
Մինչ նիստն ընթանում էր, հրապարակվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) հուլիսի 17-ին ընդունած որոշումը, համաձայն որի՝ անվավեր էր ճանաչվել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանին՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը, որտեղ նշված է, որ հիմք ընդունելով ԲՈԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում Ատենախոսության մեջ այլ աղբյուրներից և հեղինակներից առանց համապատասխան հղումների օգտագործված նյութերի, փոխառությունների առկայության բացահայտումը, ինչը հանդիսանում է ՀՀ կառավարության 08.08.1997թ. «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 11-րդ կետի խախտում, ղեկավարվելով ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով:
ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից 168.am-ը հետաքրքրվել էր՝ ՀՊՏՀ ռեկտորի հետ կապված նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել: Ի պատասխան՝ հայտնել էին.
«Դ. Գալոյանի վարչական բողոքների հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հարուցել է բողոքարկման վարույթներ: Բողոքարկվող հրամանների կատարումը կասեցվել է մինչև բողոքների վերաբերյալ ըստ էության որոշումների կայացումը»:
Հուլիսի 31-ին՝ վարույթի քննության օրը, երբ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը նախարարություն է գնացել իր փաստաբանի հետ՝ հայտարարել են, որ նախարարություն իրավունք չունի մուտք գործել իր փաստաբանի հետ:
Սմբատ Գոգյանը 168.am-ին փոխանցել էր, որ այս առիթով Բարձրագույն որակավորման կոմիտեն հայտնել է իր դիրքորոշումը, այն է՝ վարույթի շրջանակներում հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, ԲՈԿ-ի նախագահը հրավիրվել է ԿԳՄՍ՝ ԲՈԿ-ի փաստարկները ներկայացնելու:
Նիստին ներկա են եղել վարույթն իրականացնող ԿԳՄՍ նախարարության երեք ներկայացուցիչները, տիկին Գալոյանն իր փաստաբանի հետ, ինչպես նաև Սմբատ Գոգյանն ու այս վարույթի շրջանակներում ԲՈԿ-ի շահերը ներկայացնող փաստաբան Սայադ Բադալյանը: Վարույթն իրականացնողները չեն թույլատրել, որ Սայադ Բադալյանը մասնակցի նիստին՝ Սմբատ Գոգյանին հորդորելով օգտվել ԲՈԿ-ի աշխատողների կամ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության աջակցությունից:
168.am-ի հարցին՝ ի վերջո, կայացա՞վ ԿԳՄՍ-ում հանդիպում, թե՞ ոչ՝ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պատասխանեց.
«Գրավոր ուղարկեցի մեր դիրքորոշումը, սակայն դրանից հետո դեռ որևէ արձագանք չկա»:
ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից էլ մեր հարցին՝ ԲՈԿ-ի նախագահը հրավիրվել է ԿԳՄՍ՝ ԲՈԿ-ի փաստարկները ներկայացնելու, բայց չէր կայացել հանդիպում, այն լինելո՞ւ է, պատասխանեցին, որ նման հանդիպում նախատեսված չի եղել:
«Վարչական վարույթն ընթացել է, որին պարոն Գոգյանը ներկա է եղել։ Երբ եզրակացությունը լինի՝ կտեղեկացնենք: Գործընթացն օրենքով սահմանված ժամկետներում է»,- հավելեց ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը:
Նշենք նաև, որ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները դեռ պետք է հաստատվեն հիմնադրի` ՀՀ կառավարության կողմից: