«Փաշինյանը 2018 թ. հայտարարում էր՝ ՀՀ-ում ուղիղ ժողովրդավարություն է, բայց էլ նամակներ Կառավարության ընդունարան չեն ընդունում». ակցիայի մասնակից
Այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել մի խումբ լիբանանահայեր, «Հայկ» ազգայնական շարժման մասնակիցներ և Կառավարությունից պահանջում էին ապահովել Լիբանանում դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների վերադարձը Հայաստան։
«Մենք եկել ենք հայրենադարձության պահանջ ներկայացնելու։ Մենք՝ «Հայկ» ազգայնական շարժման անդամներս, համակիրներս, անկախ քաղաքացիներս, պահանջում ենք լայնամասշտաբ հայրենադարձության գործընթաց՝ այն սկսելով լիբանանահայերի հայրենադարձման աշխատանքներից։ Պահանջում ենք մեկնարկել հրատապ լայնամասշտաբ հայրենադարձության գործընթաց»,- նամակից մի հատված ընթերցեց ակցիայի կազմակերպիչներից Հրայր Կոստանյանը։
«Հայենադարձություն, անկախություն, ինքնիշխանություն» գրությամբ պաստառներով Կառավարության շենքի դիմաց գտնվող ակցիայի մասնակիցները փորձեցին նամակը հանձնել Կառավարությանը, սակայն ոստիկանները նրանց դա արգելեցին՝ կոչ անելով նամակն ուղարկել փոստով։
Հրայր Կոստանյանը՝ ի պատասխան ոստիկանների այս կոչի, նկատեց.
«Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականին հայտարարում էր, որ ՀՀ-ում ուղիղ ժողովրդավարություն է հաստատված, սակայն այլևս նամակներ Կառավարության ընդունարան չեն ընդունում»։
Ուղիղ հեռարձակմանը կից Հրայի Կոստանյանը գրել է․ «ԱԱԾ աշխատակիցը հրահանգեց ոստիկաններին.
Պաստառը պատռեք, գցեք ոտքերի տակ։
Խոսքը «Անկախության Հռչակագիր 30» գրառմամբ պաստառի մասին է` Մայր օրենքի պաստառը, Անկախության ու Ինքնիշխանության պաստառը։ Փաստացի, ռուս և թուրքսիոնիստական ուժերին ծառայող ԱԱԾ-ն հերթական անգամ ցույց տվեց, որ դեմ է Անկախ և Ինքնիշխան պետականության վերականգնմանը»։
Մանրամասները՝ տեսանյութում