Ռուս-վրացական պատերազմից 12 տարի անց հարաբերությունները փակուղային են․ Հայաստանը կարողացավ չաջակցել ՌԴ-ին Վրաստանի դեմ պատերազմում
12 տարի առաջ այս օրը բռնկվեց ռուս-վրացական հնգօրյա կամ օգոստոսյան պատերազմը, որի հետևանքով ավելի քան 400 մարդ զոհվեց, այդ թվում՝ երկու հարյուրից ավելի խաղաղ բնակիչներ, հարյուրավոր մարդիկ զրկվեցին իրենց բնակավայրերից, տներից՝ դառնալով փախստական։
Օգոստոսյան պատերազմն ավարտվեց 2008 թվականի օգոստոսի 12-ին` վրացական կողմի լիակատար պարտությամբ: Պատերազմի ավարտից հետո Ռուսաստանն ու մի քանի երկիր ճանաչեցին Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Վրաստանը փաստացի ու կիսադեյուրե կորցրեց ընդհանուր առմամբ 12565 քկմ տարածք (Հարավային Օսիա՝ 3900քկմ և Աբխազիա՝ 8665քկմ):
Մի քանի օր շարունակված պատերազմական գործողություններից հետո Վրաստանի ու Ռուսաստանի միջև խզվեցին դիվանագիտական հարաբերությունները, և պատերազմից նույնիսկ 12 տարի անց կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքները, քաղաքական հարաբերությունները մնում են փակուղային: Սակայն ռուս-վրացական կոնֆլիկտի պատճառները շատ ավելի խորն արմատներ ունեն․ 1990-ականների սկզբին Աբխազիան ու Հարավային Օսիան որոշեցին անկախանալ Վրաստանից, ինչին Թբիլիսին դեմ էր, Մոսկվան՝ կողմ: Լարվածությունը վերաճեց ռազմական գործողությունների, Ռուսաստանը միջամտեց, արյունալի պատերազմն ավարտվեց, սակայն լարվածությունը հասավ աննախադեպ մակարդակի 2008 թվականին, որի գլխավոր պատճառը Թբիլիսիի եվրաատլանտյան ձգտումներն էին։ Այդ շրջանում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը դարձել էր հարավկովկասյան քաղաքականության ամենաորոշիչ գործոնը։ Ռուս-վրացական պատերազմի մեկնարկի վերաբերյալ վարկածները շատ հակասական են, և դրա վերաբերյալ հակամարտող երկրների աղբյուրներում տեղ գտած տեղեկատվությունը, բնականաբար, տարբեր է, և այս հարցի շուրջ վեճերը մինչ օրս չեն դադարում։
Այնուամենայնիվ, Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին համաձայնություն ձեռք բերվեց դադարեցնելու հնգօրյա կարճատև, բայց արյունահեղ պատերազմը Ռուսաստանի ու Վրաստանի միջև, ու հնարավորություն ստեղծվեց վերսկսելու բանակցությունները, որոնք մինչ այսօր, մեծ հաշվով, անօգուտ են։
Ռուս-վրացական պատերազմը և Հայաստանի հարևանությամբ բռնկված ռազմական գործողությունները դարձան քաղաքական մարտահրավեր նաև Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա իշխանությունների համար, քանի որ ՀՀ-ն ռազմավարական գործընկերային հարաբերություններ ուներ և ունի Ռուսաստանի հետ, ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, ՀՀ-ում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան, և Ռուսաստանից ակնկալիքներ կային, որ ՀՀ-ն այս կոնֆլիկտում կաջակցի Ռուսաստանին, Հայաստանը նաև եղբայրական և սերտ, ավանդաբար լավ հարաբերություններ ունի հարևան Վրաստանի հետ, և Վրաստանում ևս կային ակնկալիքներ, որ Հայաստանը պետք է աջակցի հենց Վրաստանին։ Սակայն Հայաստանը կարողացավ չեզոք դիրքորոշում գրավել՝ չկորցնելով ավանդական լավ հարաբերությունները Վրաստանի հետ և պահպանելով ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, կարողանալով լավագույնս պաշտպանել իր ազգային շահերը։ Շատ փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանի այս քայլը վերջին տասնամյակների ամենաիմաստուն արտաքին քաղաքական դիրքավորումներից էր, քանի որ Հայաստանը կարողացավ դիմադրել «ճնշումներին» և չաջակցել Ռուսաստանին, այլ պահպանել չեզոքություն։
168․am-ի հետ զրույցում Վրաստանի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, վրացի հեղինակավոր վերլուծաբան, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեն հիշեց հնգօրյա պատերազմից որոշ դրվագներ, գնահատեց վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներն ու ՀՀ դիրքորոշումը։
Նրա խոսքով, դա ագրեսիա էր Վրաստանի նկատմամբ։ Նա հիշեց, որ պատերազմը սկսվել է ոչ թե օգոստոսի 8-ին և նույնիսկ ոչ էլ 7-ին, ինչպես ասում են շատ վրաց վերլուծաբաններ։
«Պատերազմը սկսվել է հուլիսի վերջին և դա սկզբից ռազմաահաբեկչական օպերացիա էր Ռուսաստանի կողմից, իսկ օգոստոսի 7-ի երեկոյան սկսվեց լայնամասշտաբ ներխուժում։ Ռուս-վրացական պատերազմը շարունակվում է, պարզապես հրադադար է, հակամարտությունը սառեցված է։ Ի տարբերություն հայ-ադրբեջանական հակամարտության, որը շարունակվում է ցածր ինտենսիվությամբ, ռուս-վրացական հակամարտությունը սառեցված է մնում»,- ասաց Վասաձեն։
Նրա գնահատմամբ՝ ներկայումս այդ հակամարտության կարգավորման հեռանկարներ չեն ուրվագծվում։ Վասաձեի կարծիքով՝ առաջընթաց ռուս-վրացական հարաբերություններում կարող է լինել միայն այն դեպքում, երբ ՌԴ-ում իշխանություն փոխվի կամ համակարգային ճգնաժամ տեղի ունենա։
«Եթե հայտնվի ադեկվատ ռեժիմ, չեմ ասում՝ անպայմանորեն ժողովրդավար, այլ ռեժիմ, որը ճիշտ է հասկանում ՌԴ ազգային շահերը, ապա կլինի փոփոխություն, քանի որ նրանք պետք է մտածեն, որ կարգավորումը բխում է ՌԴ-ի շահերից, և ոչ թե՝ դեմ է այդ շահերին, ինչպես հիմա են կարծում։ Այլ տարբերակներ այս իշխանության դեպքում չկան։ Իսկ ոչ մի իշխանություն հավերժ չէ, հավատացնում եմ ձեզ, և այս դեպքում՝ նաև կենսաբանական պատճառներից ելնելով»,- ասաց Վասաձեն։
Գնահատելով ՀՀ իշխանությունների դիրքորոշումը՝ Վասաձեն ասաց, որ Հայաստանի չեզոքությունը տրամաբանական էր։ Նա տրամաբանական է համարում նաև այն, որ Հայաստանը երբեք չի աջակցում այդ հակամարտության դեպքում փախստականների վերադարձի վերաբերյալ ոչ մի բանաձևի։
«Ես հանգիստ եմ ընկալում, հասկանալի եմ համարում, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, մենք ապրում ենք կոնկրետ քաղաքական իրողությունների պայմաններում, այսինքն՝ ռեալ քաղաքականությունը հասկանալի է, և Վրաստանում գուցե ազգային մակարդակում կա որոշակի նեղվածություն, բայց դա կրկին, կարծում եմ, որ բոլորը հիանալի կերպով հասկանում են, որ կա իրականություն, որում Հայաստանն է, և այդ իրականությունում այլ կերպ հնարավոր չէր։ Հայաստանն այլ կերպ վարվել չէր կարող Վրաստանի հանդեպ, և Վրաստանում մեծ մասը այդպես են կարծում, թեև կան այնպիսիք, որոնց մոտ կա զգացմունքային վիրավորվածություն։ Բայց դա, կրկնեմ, որ այն մարդկանց մոտ է, որոնք չեն հասկանում, թե ինչպիսին է իրական քաղաքականությունը, տարածաշրջանում ուժերի դասավորությունն ու դերակատարությունը։ Ելնելով այն իրողություններից, որոնք կան տարաշածրջանում, ի դեպ, ոչ միայն Հայաստանը, այլև ոչ մի ՀԱՊԿ գործընկեր չաջակցեց Ռուսաստանին այդ հակամարտության հարցում, Ռուսաստանն այդ հակամարտության հարցում չունեցավ դաշնակիցներ»,- նշեց վրացի վերլուծաբանը։