ՊԵԿ-ը հորդորում է տնտեսավարողներին զերծ մնալ բիզնեսն արհեստականորեն տրոհելու քայլերից
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ձեռնարկվել և իրականացվել են 1750 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ միջոցառումների արդյունքում 731 խախտման դեպքով արձանագրվել է ընդհանուր 2.775 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություններ: 2019 թվականին նշված ժամանակահատվածում իրականացվել են 1450 օպերատիվ հետախուզական միջոցառումներ և արձանագրվել են 567 խախտման դեպքեր, որոնցով լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը կազմել է 431 մլն դրամ։
«Տեսնում ենք, որ 2020 թվականի ընթացքում ավելացել են ոչ միայն ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը, այլև դրանց արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը: Ինչպես նշեցի 2019 թվականին պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 431 մլն դրամ, մինչդեռ 2020 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքում առաջադրված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 2.775 մլրդ դրամ»,-ասաց Վահան Չարխիֆալակյանը:
Ստացվում է, որ առկա է իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների թվաքանակի աճ 2019 թվականի համեմատ, այն դեպքում երբ տարեկան իրականացվող հարկային ստուգումների թվաքանակը նվազում է։ Ինչո՞վ է պայմանավորված, որ հարկային ստուգումների թվաքանակի նվազման միտում կա, իսկ օպերատիվ հետախուզական միջոցառումների թվականակն աճում է։ Հարցին ի պատասխան Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ դա կապված է աշխատակիցների կողմից նախաձեռնողականության ավելացմամբ:
«Միաժամանակ բազմաթիվ հանձնարարություններ են ստացվել նախաքննական մարմինների կողմից: Իր ազդեցությունն ունեն նաև ՊԵԿ-ում 2020 թվականին կատարված կառուցվածքային փոփոխությունները: Ստոբաժանումները հսկայածավալ աշխատանք են կատարել մոնիտորինգի և հարկային վերլուծության առումով»,-ասաց ՊԵԿ ներկայացուցիչը:
Բացահայտումները տարբեր ուղղություններով են՝ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր, ստվերային շրջանառություն, թաքնված աշխատատեղեր, բիզնեսն արհեսատական տրոհելու մի շարք դեպքեր և այլն:
«Առաջին կիսամյակում իրականացված միջոցառումների արդյունքում 41 դեպքով հիմնավորվել է, որ թվով 100 հարկ վճարողներ գործունեություն են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։ Նշված 100 հարկ վճարողները ՊԵԿ նախագահի որոշումներով ճանաչվել են փոխկապակցված»,-ասաց Վահան Չարխիֆալակյանը: Այսինքն՝ բիզնեսի արհեստական տրհոման դեպքեր են գրանցվել, որոնք ուղղված են պակաս հարկեր վճարելուն: Վահան Չարխիֆալակյանը հիշեցնում է, որ այս գործողություններն առանձին դեպքերում պարունակում են Քրեական օրենսգրքով արգելված արարք: Նա հորդորեց տնտեսավարողներին զերծ մնալ բիզնեսն արհեստականորեն տրոհելու քայլերից, քանի որ ՊԵԿ-ի համապատասխան աշխատողների ուշադրության կենտրոնում է գտնվում համապատասխան հարցը: