Արցախցու համար պրոտեկտորատի խնդիր չկա, պետք է Արցախի ինքնորոշման իրավունքն ու այդ իրավունքի իրականացման փաստը ճանաչել, ուրիշ ոչինչ․ Դավիթ Բաբայանը՝ Հոգլանդի դիրքորոշման մասին

Ամերիկացի նախկին ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ուշագրավ ակնարկները շարունակում են քննարկվել Արցախյան կարգավորման գործընթացով հետաքրքրված շրջանակներում։

Հիշեցնենք, որ խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ՝ դեսպան Հոգլանդը նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրներ ունեն Քովիդ-19-ի հետ կապված, բայց այդ նույն խնդիրներն ունեն նաև ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը։ «Միանգամայն անհասկանալի է, թե որ կողմն է որոշել առաջինը խախտել զինադադարը, սակայն դա նաև կարող է լինել հարմար ժամանակ, երբ ամենքը զբաղված են սեփական խնդիրներով»,- ասել էր Հոգլանդը։

Մինսկի խմբի կողմից իրավիճակի լարումը թույլ չտալու, նրա դերակատարման հետ կապված՝ Հոգլանդը նշել էր, որ ոչ պաշտոնական զրույց է ունեցել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

«Այս պահին նրանք չեն կարող իրականացնել դիտորդական առաքելություն զինված գոտում։ Այսօրվա իրավիճակը տարբերվում է նախկինից։ Մինսկի խումբը մեծ ջանքեր գործադրեց լարվածությունը նվազեցնելու և ստատուս-քվոյին վերադառնալու ուղղությամբ։ Բայց ես զգացում ունեմ, որ Մինսկի խումբը չի կարող լուծել այս խնդիրը, ցավոք»,- նման տեսակետ էր հայտնել դեսպան Հոգլանդը։

Իսկ թե տարիների ընթացքում որքանով է արդյունավետ գործել Մինսկի խումբը, դեսպան Հոգլանդն ասել էր, որ իր անձնական տեսակետն է, որ ամենալավ մտադրության դեպքում էլ առանց ներգրավված կողմերի լիակատար աջակցության, ինչպես նաև Ռուսաստանի նման մեծ տերության աջակցության, Մինսկի խումբը պարզապես չի կարող լուծել այս խնդիրը։ Բացի կողմերի քաղաքական կամքի բացակայությունից, ըստ Հոգլանդի, հակամարտության չկարգավորման հիմքում ՌԴ քաղաքականությունն է։

Նրա կարծիքով, եթե ՌԴ-ն իսկապես ցանկանար լուծել այս խնդիրը, ապա հավանաբար ավելի ակտիվ միջոցներ կձեռնարկեր։ Եվ, որն ամենաուշագրավն է, դեսպան Հոգլանդը նշել է, որ ունի անձնական տեսակետ և չի կարծում, թե Մինսկի խումբը երբևէ կկարողանա լուծել այս խնդիրը, քանի դեռ երկու կողմերը չեն հայտարարել, որ ժամանակն է կարգավորել այն։

«Ուստի ո՞րն է մյուս ճանապարհը․ Մադրիդյան սկզբունքները, Լավրովի ծրագիրը մերժվեցին այս կամ այն կողմից։ Ես անձամբ կարծում եմ, որ այն պետք է դառնա ՄԱԿ-ի խնդիր, և միակ ճանապարհը կլինի, որ Լեռնային Ղարաբաղն անորոշ ժամանակով դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ։ Եվ հետագայում, տարիներ անց, երբ միգուցե հույզերը նվազեն, այդ դեպքում երկու կողմերն էլ կարող են առաջ քաշել իրենց ցանկություններն ապագայի համար՝ ՄԱԿ-ի առաջնորդության ներքո։ Սա իմ անձնական տեսակետն է, որին հանգել եմ համանախագահ լինելու ընթացքում»,- ասել էր Հոգլանդը։

Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը 168am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ դիրքորոշում ունեն Արցախում նման կարծիքի և նման սցենարի ընդունելիության վերաբերյալ։

Բաբայանն ասաց, որ, ըստ երևույթին, դա ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահի անձնական կարծիքն է և գուցե մի շարք այլ վերլուծաբանների, իսկ պաշտոնական Վաշինգտոնը նման կարծիք չի հայտնել։

Ըստ նրա՝ կարելի է մտածել, որ սկզբնականում գուցե ինչ-որ փորձարկում են՝ այլ շրջանակների միջոցով տարբեր կարծիքներ դնելով շրջանառության մեջ, բայց սա կլինի սպեկուլյացիաների և շահարկումների տիրույթում։

«Պաշտոնական Վաշինգտոնը որևէ ձևով չի արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության վերաբերյալ։ Հիշում ենք, որ ինչ-որ դրվագներ նախկինում եղել են, բայց այնուհետև հասկացանք, որ նման բան տեղի չի ունենում, և ամեն ինչ եկավ՝ իր հունի մեջ ընկավ։ Բայց եթե մենք խոսում ենք Արցախի ապագայի մասին, խնդիրն այն չէ, որ տեղափոխվի կարգավորման գործընթացն այլ հարթակ, և այն կկարգավորվի, իսկ ո՞վ է ասել, որ այդ հարթակներում հակամարտությունը լուծվելու է։ Եթե Ադրբեջանը չի ճանաչում ինքնորոշման իրավունքը, ինչի՞ մասին կարող ենք խոսել։ Եթե Ադրբեջանն ունի բոլորովին այլ դիրքորոշում, մենք՝ այլ, չի ստացվելու նման դիրքորոշման դեպքում որևէ կառույցի շրջանակում կարգավորել։ Կարևոր է նաև տարբերակել, որ միջնորդներ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանք դատավորներ չեն, նրանք չէ, որ պետք է կարգավորեն, նրանք պետք է նպաստեն կարգավորմանը, բերեն մի ընդհանուր հայտարարի, բայց մենք դա չենք տեսնում։ Խնդիրը ձևաչափի մեջ չէ, խնդիրն այն է, որ կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ»,- ասաց Բաբայանը։

Բաբայանը կարծում է, որ պրոտեկտորատի ձևաչափն անընդունելի է արցախցու համար։ Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, որ պրոտեկտորատ անհրաժեշտ է՝ որպես միջանկյալ կարգավիճակ, երբ չկա հստակ կողմնորոշում, ինքնորոշում, անկարողություն՝ շարժվել այդ հարցի ուղղությամբ, նման դեպքերում հատկացնում են պրոտեկտորատ, այսինքն՝ մտնում է որևէ երկրի կամ կազմակերպության հովանու ներքո։

«Բայց մենք արդեն 1988 թվականից, փաստորեն, դե ֆակտո անկախ երկիր ենք, դե յուրե՝ 1991 թվականից, այսինքն՝ մեզ համար պրոտեկտորատի խնդիր չկա, այդ միջանկյալ տարբերակը մենք անցել ենք վաղուց։ Եվ դրա համար է, որ դա ընդունելի տարբերակ չէ։ Պարզապես պետք է մեր ինքնորոշման իրավունքն ու այդ իրավունքի իրականացման փաստը ճանաչել, ուրիշ ոչինչ»,- նշեց Բաբայանը։

Հարցին, թե նույնն է դիրքորոշումը նաև Ռուսաստանի՞ պրոտեկտորատ հռչակելու կարծիքների վերաբերյալ, Բաբայանը պատասխանեց, որ նախ՝ պետք է Ռուսաստանից հարցնել՝ ցանկանո՞ւմ է, որպեսզի Արցախը դառնա պրոտեկտորատ։

«Կրկնեմ, որ խնդիրը պրոտեկտորատը չէ, մենք դրա կարիքը չունենք, Արցախի հանրության մեծ մասի ու իշխանությունների տեսակետն է սա, կարծում եմ։ Մենք արդեն վաղուց պետություն ենք, չճանաչված, բայց կայացած։ Սա է փաստը, և դա է պետք ճանաչել»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս