Բաժիններ՝

«Սպասում են՝ տները փլվի, մարդ մահանա, նոր գան, ասեն՝ վա՜յ, էս ինչ եղավ». Սարի թաղի բնակիչները՝ Կառավարությանը

Սարի թաղի մի խումբ բնակիչներ այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ հայտարարելով, որ իրենց տները փլուզման եզրին են, անհրաժեշտ է  Կառավարության աջակցությունը։

Բնակիչներից Վահրամ Ավդալյանը, ներկայացնելով խնդիրը, լրագրողներին ասաց, որ 10 տարուց ավելի է՝ տների տակով ընդերքային ջրեր են գնում, ինչը տները հասցրել է փլուզման եզրին։ Ըստ նրա՝ 20 փողոցի այդ հատվածում գտնվում է 5 տուն, որտեղ 20-ից ավելի անչափահաս երեխա է բնակվում։

«Հիմա այս հարցի հետ կապված՝ մենք նամակ-դիմում ենք բերել, որպեսզի ներկայացնենք Կառավարությանը։ Բայց որևէ մեկը մեր խնդրին ուշադրություն չի դարձնում։ Դիմել ենք քաղաքապետարան, Հայկ Մարությանը միայն ասել է, որ որևէ բան չի կարող անել, պետք է դիմենք Կառավարությանը։ Քաղաքապետարան, թաղապետարան ինչքան գնացել ենք, ասել են՝ դա մեր խնդիրը չէ»,- ասաց նա։

Նա նաև ընդգծեց, որ 20 փողոցի հետևում կրկին տներ կան, այնտեղի բնակիչները 2009 թվականին տներ են ստացել։

«Մենք հիմա Կառավարությանը խնդրում ենք, որ այս խնդրին ուշադրություն դարձնեն, այդ անչափահաս երեխաները մեղք են, մի օր տները կփլուզվի, նրանք կմնան տակը։ Ասենք՝ Հայկի Մարությանին խնդիրը ներկայացրել ենք, ասել է՝ ցավում եմ, բայց ցավալով որևէ հարց չեն լուծում, էլի։ Սպասում են՝ տները փլվի, մարդ մահանա, նոր գան, ասեն՝ վա՜յ, էս ինչ եղավ»,- հավելեց նա։

Բնակիչներից մեկն էլ տեղեկացրեց, որ տան պատը երեք ամիս առաջ է փլուզվել, որտեղ 6 անչափահաս երեխաներ են ապրում։

«Հիմա այնպիսի վիճակ է, որ այդ տները նորից քանդվում են, ճաքեր են առաջանում, ես այդ մանր երեխեքին ի՞նչ անեմ, ո՞ւր ուղարկեմ։ Արդեն 10 տարուց ավելի է՝ այդ խնդիրն ունենք, բազմիցս վարկեր ենք վերցրել, նորոգել ենք, բայց կրկին փլվել է, պատերը ճաք են տվել»,- նշեց նա։

Բնակիչները դժվարացան ասել, թե ինչ ակնկալիքներ ունեն Կառավարությունից, քանի որ Կառավարությունը նրանց պետք է ասի, թե ինչ անեն, և առհասարակ ինչպես պետք է օգնեն իրենց։

«Մեր Սահմանադրությամբ նշվում է, որ ընդերքն ու ջրային ռեսուրսները պատկանում են պետությանը, հետևաբար՝ պարոն պետությանը խնդրում եմ, իր ջուրն իմ տան տակից հանի, որ տունս չփլվի, այսքան բան եմ ուզում։ Դիմել ենք թաղապետարանին, մեզ ասել են, թե՝ վարկ վերցրեք, տունը վերականգնեք, խնդրեմ, սա էլ ղեկավարի պատասխան է, էլ ո՞ւմ դիմեմ, վերջապես մենք մարդ ենք, չէ՞։ Եթե մի փոքր ցնցում լինի, 6-7 հոգի մնալու ենք փլատակների տակ»,- նշեց բնակիչներից մեկը։

Կառավարությանն ուղղված դիմումն էլ անձամբ բնակիչներից Վաղարշակ Սարգսյանն է լրացրել և խնդրել է գնալ Կառավարության մոտ, որպեսզի խնդիրն ինչ-որ կերպ լուծում ստանա։

«Մենք հիմա կփոխանցենք մեր դիմումը և կսպասենք, թե մեր հարցին ինչ լուծում պետք է տան,  որովհետև թաղապետարանից ուղարկում են քաղաքապետարան, քաղաքապետարանից՝ թաղապետարան»,- ընդգծեց Վաղարշակ Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս