Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին կրկին աղմուկ էր բարձրացել Մաշտոցի պուրակի շուրջ: Պուրակում սրճարան է կառուցվում, ինչի հետեւանքով մի քանի օր առաջ չորս հաստաբուն ծառ էր հատվել: Եվ այս հանգամանքը չվրիպեց քաղաքացիների ու բնապահպաններից աչքից, որոնք ահազանգում էին ծառերի հատման մասին, միաժամանակ հիշեցնում, թե ինչպես էին այսօր իշխանության մեջ գտնվող մարդիկ ժամանակին պայքարում պուրակի ծառերի համար, երբ այն ժամանակ Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, իսկ պայքարողների մեջ էր նաեւ այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հիշեցնենք, որ պայքարը թեժ էր դեռ 2012 թվականին, երբ ծառահատումներին դեմ էին բազմամարդ ցույցերով, ի վերջո, ամիսներ տեւած պայքարից հետո՝ արդեն 2013 թվականին, ՍԵրժ Սարգսյան Մարգարյանին հրահանգեց՝ «Տարոն ջան, սիրուն չէ», եւ ակտիվիստները հասան իրենց նպատակին:
Այսօր արդեն պուրակի շուրջ կրկին աղմուկ է. արդեն 2019 թվականին Հայկ Մարությանի կողմից որոշում էր կայացվել «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ի և Մաշտոցի պուրակի այս վարձակալված հատվածում կառուցապատման իրավունք տալ: Ի դեպ, պարզվում է, որ «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ն այնքան էլ օրինակելի կառուցապատող չէ: Երեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այն արդեն մի քանի անգամ վարչական տույժի է ենթարկվել շինարարարությունը ճիշտ չկազմակերպելու պատճառով:
Ստացվում է՝ հեղափոխությունից երկու տարի անց, սակայն, արժեքների փոփոխություն տեղի չի ունենում, եւ այս անգամ էլ հեղափոխության արժեքները ոտնակոխ է անում քաղաքապետ Հայկ Մարությանը, որը, նկատենք, տարիներ առաջ այս պուրակի պայքարի առաջամարտիկներից էր:
Հենց այսպիսի դրվագներն են ազդում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Օրեր առաջ էլ հեղափոխության արժեքները տապալել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի անվան շուրջ աղմուկը դեռևս չի դադարում, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ դեռ ուսումնասիրություն է իրականացնում՝ հասկանալու համար, թե որքանով վերջինս կապ ունի White Shorja անվամբ լողափի հետ: Եվ ի՞նչ ունենք այս երկու իրադարձությունների արդյունքում. Հայկ Մարությանն ու Հայկ Սարգսյանը ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները՝ ազդելով վարչապետ Փաշինյանի վարկանիշի վրա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: