Լեհաստանի բնակիչները անհայտ սերմերով ծանրոցներ են ստացել Չինաստանից
Չինաստանից անհայտ սերմեր են փոստով ստանում Լեհաստանի բնակիչները: Այդ մասին հաղորդել է Լեհաստանի հեռուստատեսությունը: «Առաջին այդպիսի հանելուկային ծանրոց ստացողներից մեկը եղել է Յավոժնոյի (Սիլեզի վոյեւոդություն) մի բնակչուհի: Կինը, սակայն, ծանրոց չէր պատվիրել Չինաստանից, եւ դա զգուշության առիթ էր դարձել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ծանրոց ստացողը դրա մեջ գտնվող սերմերը հանձնել է համապատասխան ծառայություններին:
«Նրան անհանգստացրել է այն, որ ծանրոցի մեջ եղել են ինչ-որ սերմեր, որոնք ոչ մի նշում չեն ունեցել, բոլոր մակագրությունները եղել են չինարեն: Նա նույնիսկ չի կարողացել հասկանալ, թե դրանք ինչ սերմեր են»,- ասում է բույսերի եւ սերմերի պաշտպանության կատովիցյան վոյեւոդության փոխտեսուչ Ագնեշկա Գուրսկայան:
«Փաթեթներում միայն սերմեր են: Սա շատ վտանգավոր իրավիճակ է: Դրանք կարող են սպառալ գյուղատնտեսական մշակաբույսերին»,- նշել է բույսերի եւ սերմերի պաշտպանության պետական տեսուչ Անջեյ Զամանը: Լեհական հեռուստատեսության տվյալներով՝ ավելի վաղ Չինաստանից հանելուկային սերմերով նմանօրինակ ծանրոցներ էին ստացել Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում եւ ԱՄՆ-ում:
Ավելի վաղ նաեւ հաղորդել էր, որ Չինաստանից անանուն ուղարկողներից անհայտ ծանրոցներ են ստանում Ճապոնիայում: Հայտնել են, որ ծանրոցների վրա փոստի նշումը եւ նշված հետադարձ հասցեները նույնպես չինական են, բայց ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը համառորեն պնդում է, որ փոստի դրոշմները կեղծված են եւ հերքում է իր երկրի որեւէ կապն առեղծվածային ծանրոցների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: