«Այսօր պարապ մարդիկ կան, որ բախտի բերմամբ թառել են պատգամավորի աթոռին. իրենց որ ասում ես՝ Սահմանադրություն կարդա, ինսուլտի են հասնում». Գևորգ Պետրոսյան
«Հպարտ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին և իր վարչախմբին անհրաժեշտ էր ընդամենն իշխանության գալու համար: Հիմա այլևս քաղաքացիները հպարտ չեն: Հիմա կարող են դիմակ չկրելու համար աղջիկների բերման ենթարկել ոստիկանություն, որ 7 ոստիկանով մարդուն ծեծեն, փռեն ասֆալտին, ինչպես վարչապետն է երաշխավորել դրա հնարավորությունը: Ի՜նչ հպարտ քաղաքացի… Հպարտ է այն քաղաքացին, որն ունի ապագայի տեսլական, կյանքի կանխատեսելիություն, որ գոնե սոված չի, չեմ ասում՝ իկրա ուտեն իրենց նման»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ որևէ մեկն արդեն այդ բերման ենթարկելուց չի վախենում:
Պատգամավորը նշում է, որ փոխանակ իշխանությունները զբաղվեն պարենային անվտանգության խնդրով, զբաղված են անկարևոր բաներով:
«Ռուսաստանից Հայաստան եկող բեռները հիմա Վրաստանում ծվարել են: Փոխանակ երկրի կառավարությունը, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա մասին մտածեն, միջոցներ ձեռք առնեն, իր դիվանագիտական հարաբերություններն աշխատեցնի Վրաստանի հետ, ինչ-որ հոգեցունց հրապարակում է արել Ֆեյսբուքում, թե՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ձայնային հաղորդագրություն է ուղարկել ինձ… Ու զվարճացել են դրանից: Լավ, ամոթ է: Պարոն Փաշինյան, Դուք բանուգործ չունե՞ք, որ նման բաներից եք զվարճանում»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Նա նկատեց, որ մշտապես ժողովրդի անունից հանդես եկող վարչապետն այսօր անտեսում է նույն այդ ժողովրդի կարծիքը, որովհետև այն բախվում է իր կարծիքին:
«Այսօր պարապ մարդիկ կան, որ բախտի բերմամբ թառել են պատգամավորի աթոռին, քննիչ հանձնաժողովներ են ձևավորել տարբեր հարցերով, ինչով արհամարհում են մեր իրավապահ մարմինների գոյությունը: Որովհետև երբ, օրինակ, Մարտի 1-ով կամ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով են ստեղծում, դրանով ասում են, որ այս երկրում ոչ ոստիկանություն կա, ոչ Ազգային անվտանգություն, Քննչական կոմիտե, Դատախազություն: Բա ինչո՞ւ համավարակի տարածման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով չեն ստեղծում: Այսօր 1000-ին հասնող զոհ ունենք, ո՞վ է դրա համար պատասխան տալու: Ամբողջ աշխարհը դրա համար էլ մեզ վրա ծիծաղում է»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Պատգամավորի խոսքով՝ այս դժվարին շրջանում, երբ սահմանն անհանգիստ է, վարակը չի հաղթահարվել, Արցախում էլ հանգիստ չէ, ԿԳՄՍ նախարարը զբաղված է հայասպանությամբ, Լանզարոտեի կոնվենցիա են անցկացնում, դասագրքեր են փոխում, չափորոշիչներ են մշակում ու գնդակահարում հայկականությունը:
Հարցին, թե չե՞ն հրաժարվել արդյոք իրենց՝ կառավարությունը 100 տոկոսով փոխելու պահանջից, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ, եթե իրենց կուսակցության ղեկավարը հայտարարել է մի բան, և ինքն իր հայտարարությամբ այլ բան չի հայտարարել, ուրեմն նրա նախորդ հայտարարությունը մնում է ուժի մեջ:
«Մեր երկրի դժբախտությունը, գիտե՞ք՝ ինչում է կայանում… Կարևորը՝ քայլած լինի և իրենց կամքը կատարի կուրորեն: Նրանց չեն հետաքրքրում մարդկանց մասնագիտական որակները»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի 3 թեկնածուներին և նշելով, որ երեքն էլ՝ թե Երվանդ Խունդկարյանը, թե Վահրամ Ավետիսյանը, և թե Արթուր Վաղարշյանը, փայլուն իրավաբաններ են, իրենց գործի գիտակներ:
Մանրամասները՝ տեսանյութում