Բաժիններ՝

«Խնդիրն այն է, որ մենք պետք է հետևենք, որպեսզի այդ նոր ծառերը տնկեն և կանաչ տարածքները չկառուցապատեն». Կարինե Դանիելյանը՝ Մաշտոցի պուրակի մասին

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ դժվար է ուսումնասիրել մայրաքաղաքի բոլոր ծառերը և ասել՝ որն է հին, որը՝ ոչ։ Սակայն Մաշտոցի պուրակում հատված ծառերի այն պատկերը, որ տեսել է՝ կարող է ասել, որ դրանք հին, ծերացած ու հիվանդ ծառեր էին։

«Եթե իսկապես այդ հատված ծառերի փոխարեն նորերն են տնկելու, խնամելու, այդ դեպքում ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Խնդիրն այն է, որ մենք պետք է հետևենք, որպեսզի այդ նոր ծառերը տնկեն, որպեսզի կանաչ տարածքները չկառուցապատեն»,- 168.am հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով Մաշտոցի պուրակում տեղի ունեցած ծառահատմանը։

Ըստ նրա՝ այսօր մայրաքաղաքում շատ տեղեր կան, որտեղ ծառերը չորացած են՝ այգիներում, փողոցներում, հետևաբար՝ պետք է տեղի ունենա սանիտարական հատում։

«Շատ ծառեր արդեն այնքան են մեծացել, որ դրանց արմատները հասել են ստորգետնյա ջրային ավազանին, և քաղաքն  արդեն այդ կենսազանգվածը բավական քանակով ստացել է։ Օրինակ՝ այգիներում ու բակերում չինարները չտեսնված կենսազանգված են ստեղծում, դա արդեն լավ է։ Մենք միշտ ասել ենք, որ ամեն անգամ, երբ ծառեր  են բերվում կամ պլանտացիա է արվում, պետք է համագործակցեն Բուսաբանության ինստիտուտի հետ։ Իհարկե, սա միշտ չի արվել, այդ պատճառով էլ ծառերի որոշ տեսակներ չեն դիմանում մեր մայրաքաղաքի կլիմային։ Կարծում եմ՝ ամենադիմացկունը չինարն է, որը նաև մեծ զանգված է ստեղծում, բարդիներն էլ վատը չեն, պարզապես դրանք շատ են բարձրանում, հատկապես, երբ չորանում են, արդեն վտանգավոր են դառնում»,- շեշտեց բնապահպանը։

Անդրադառնալով քաղաքի ընդհանուր կանաչապատմանը՝ Կարինե Դանիելյանն ասաց, որ Հայաստանի բնակլիմայական պայմաններում դա դժվար գործընթաց է, և, եթե մայրաքաղաքն այսօր այսքան կանաչ տարածություն ունի, արդեն լավ է։

«Ուղղակի միշտ քաղաքաշինության վտանգը կա, որ կանաչապտում ենք, հետո գալիս են ու սկսում այդ տարածքում կառուցապատել։ Պետք է քաղաքաշինությունը հաշվի առնի սա։ Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ մենք հասանք նրան, որ քաղաքաշինության խորհրդում 5 էկոլոգ ներառվեցին։ Այնուհետև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, որին ես միշտ համարել եմ լայնախոհ մասնագետ, զարմանալիորեն կրճատեց մասնագետներին, թողեց միայն ինձ, այն էլ՝ առանց ձայնի իրավունքի։ Հետագայում ինձ էլ հանեցին, հիմա էկոլոգներն առհասարակ քաղաքաշինության խորհրդում քննարկումների չեն մասնակցում։ Սա, իհարկե, սխալ է, քանի որ քաղաքաշինությունը միայն ճարտարապետություն չէ, այն նաև էկոլոգիա է, մարդու առողջության խնդիրների հետ է կապված։ Այս մոտեցումը մեզանում, ցավոք, չկա»,- ընդգծեց Կարինե Դանիելյանը՝  հավելելով, որ քաղաքաշինության խորհրդից էկոլոգներին հեռացրել են առանց որևէ բացատրություն տալու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս