«Փաշինյանին Աստված ուղարկել է, որ բացասական ցնցում անի, որպեսզի մարդիկ զգան՝ երկիրը կործանվում է». Արծրուն Պեպանյան

Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի կարծիքով՝ Ամուլսարի հարցում ՀՀ իշխանությունները շատ դժվարին իրավիճակում են:

«Այդ հանքը շահագործողները սովորական ՀՀ քաղաքացիներ չեն, հզոր ուժեր են, գուցե թե՝ ավելի ուժեղ, քան ՀՀ իշխանությունները, և իշխանությունները շատ դժվար կացության մեջ են: Եթե համեմատենք նախկին իշխանությունների հետ, ներկաները ավելի պակաս դիմադրողունակ են այդ դրսի ուժերին, քան նախկինները, որովհետև ներկաները շատ ավելի կախման մեջ են դրսի որոշակի ուժերից, հոսանքներից»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դիտարկմանը՝ եթե նրանք ավելի ուժեղ են, ավելի հզոր են, քան ՀՀ իշխանությունները, կկարողանային հասնել նրան, որ հանքը շահագործվեր, նա այսպես արձագանքեց. «Այստեղ կա ժողովրդի դիմադրության հարցը, հետո եղան ընտրություններ, դա կաշկանդեց: Եթե իսկապես պարզվի, որ հանքը շահագործելը վնաս է ՀՀ-ին, ապա ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ասի՝ իշխանություններ, ես հասկանում եմ, որ քո, իրենց բառերով ասած՝ դուխը չի հերիքում, բայց մերը հերիքում է: Սակայն վերջնական արդար ատյան պետք է լինի, որն ասի՝ այսպես է, մենք ասենք՝ վերջ, խնդիր կա»:

Ըստ նրա՝ Ամուլսարի շուրջ ծավալվող գործընթացները կարող են վերածվել այլ օրակարգ հետապնդող շարժման՝ հաշվի առնելով, որ իշխանություններից դժգոհություն կա նաև այլ առիթներով.

«Եթե մի խարիզմատիկ առաջնորդ գա, ինչպես Վազգեն Մանուկյանը 1994-96թթ. էր, իշխանության գործերը լավ չեն լինի, բավականին դժգոհություններ կան տարբեր տեղերում կուտակված՝ հավաքող է պետք: Եթե հավաքվեց, ոստիկանական ուժերն էլ չեն փրկի, արտակարգ դրությունն էլ»:

Հետաքրքրվեցինք՝ չի՞ տեսնում այն անձին, ով կարող է հավաքել այդ դժգոհությունները:

«Որոնում եմ, դեռ չեմ տեսնում, բայց մինչև անձի գալը որոշակի աշխատանքներ կան: 2018թ. էլ թվում էր, թե այդ անձը եկավ, բայց պարզվեց՝ դատարկ կրակոց էր, մարդիկ հիասթափվեցին: Բացի խարիզմատիկ առաջնորդը՝ որոշակի թիմ, որոշակի հարցերի պատասխան պետք է լինի, ենթադրենք՝ մենք եկանք, ինչպե՞ս ենք երկիրը հանելու այս վիճակից: Եթե սրանք չկան, խարիզմատիկ առաջնորդը տարրերից մեկն է, ուրիշ քայլեր էլ են պետք»,- ի պատասխան՝ ասաց նա:

Արծրուն Պեպանյանը նկատեց՝ երկիրն «ականազերծելու» համար ժողովուրդը պետք է արթնանա. «Դուք պետք է ցնցեք այս ժողովրդին, որ նա զգա՝ ինքը պայթում է, կարող է վերանալ: Այդ ցնցումը լինում է երկու տեսակի՝ դրական ցնցում, ինչպիսին արցախյան շարժումն էր, կամ բացասական ցնցում, ինչպիսին Եղեռնն էր: Հիմա Նիկոլ Փաշինյանին Աստված ուղարկել է, որ բացասական ցնցում անի, որպեսզի մարդիկ զգան, որ երկիրը կործանվում է: Այս երկիրը միշտ էլ կործանվում է, բայց այն ժամանակ դանդաղ էր: Հիմա ինքը նպատակային անում է: Ակադեմիայի պատմաբաններին, գրականության մասնագետներին մենք չէինք կարողանա ոտքի հանել, ընտանիքներին չէինք կարողանա ոտքի հանել, ես շատ եմ չարչարվել, չի ստացվել: Հիմա նրանք ոտքի են կանգնել: Դրսի հոսանքներն իրենց նպատակն ունեն, դրա համար արագ գործում են և արթնացնում ժողովրդին: Այս դեպքում երկու տարբերակ ունեն՝ կամ ժողովրդի առողջ հատվածն արթնանալու, գալու է այդ խարիզմատիկ առաջնորդը, և մենք դիմակայելու ենք ու դուրս գանք վերելքի, կամ եթե չեղավ՝ վերջնականապես ջնջվելու ենք, լղոզվելու ենք՝ գնանք, ինչպես շատ ժողովուրդներ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս