«Գնում՝ դիմում ես, ասում են, թե՝ 5000 դրամով արի աշխատի 12-13 ժամ». Այս տարի արտագնա աշխատանքի չմեկնած շինարարները դժգոհ են
Ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող հայ շինարարները, ովքեր կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել կրկին մեկնել երկրից, խնդրի առջև են կանգնել։ Նրանք վստահեցնում են, որ Հայաստանում չեն կարողանում աշխատանք գտնել, իսկ պատճառները տարբեր են:
«Իմ նման 10 ընտանիք կա: Կեսը 4-րդ գյուղում են մնում, կեսն էլ՝ Չարբախում: Գնում՝ դիմում ես, ասում են, թե՝ 5000 դրամով արի աշխատի 12-13 ժամ: Զբաղվածության կենտրոնում գրել են՝ պահանջվում է ասֆալտի տեխնոլոգ: Գնացել եմ, 22 տարեկան տղա էր, ասֆալտից բան չէր հասկանում: Հարցնում եմ՝ սվաղը ո՞նց են անում, բա թե՝ չգիտեմ: Հետո գնում եմ գործարան՝ աշխատանքի արտադրամասի պետ են դրել. կամ հեռախոսով է խաղում, կամ երգում է: Այ տղա ջան, գործը սկսվում է այս ժամին, ճի՞շտ է, բա խի՞ չես գալիս հետս աշխատես: Է, ես քո տեղն աշխատեմ, մյուսի տեղն աշխատեմ ու նույն աշխատավարձը ստանա՞նք: Սենց կըլի՞: Աշխատավարձն էլ են քիչ տալիս՝ 120.000 դրամ: 70 տարեկան մարդ են բերում, 5 կգ-ից ավել չի կարողանում վերցնել, այդ մարդուն ո՞նց ասես՝ աշխատի»,- 168.am-ին դժգոհությունը հայտնեց Արմեն Կիրակոսյանը՝ ակնկալելով, որ այս հարցը մի կերպ կլուծվի, ու իրենք աշխատանք կունենան:
Հարցին՝ ՌԴ-ում, օրինակ, ինչքա՞ն էին աշխատավարձ ստանում, որ հիմա դժգոհում են, նա պատասխանեց, որ գրեթե նույնն է:
Հավելենք, որ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 15-ին ԱԺ ամբիոնից անդրադառնալով արտագնա աշխատանքով ապրող քաղաքացիների գործազրկության խնդրին՝ առաջակեց մնալ ու աշխատել սեփական երկրում:
«Արդեն մեկնարկել են ու շուտով ավելի լայն թափով կմեկնարկեն տարբեր տեսակի աշխատանքներ, ճանապարհաշինություն, տարբեր համայնքների, սուբվենցիոն ծրագրեր: Տասնյակ միլիոնների հասնող ծրագրեր են, այդ թվում՝ նաև ջրային ոլորտում կատարվող շինաշխատանքներ»,- ասել էր նախարարը: