«Ամենահիմնական վարակակիրը եղել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր «Այո»-ի քարոզչության ընթացքում». Սայաթ Շիրինյան
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի խոսքով՝ Կառավարությունն անարդյունավետ աշխատանքի արդյունքում ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը։ Հետևաբար՝ վերջին ժամանակահատվածում փորձում են այդ ձախողումները բարդել ժողովրդի վրա։
«Փորձենք մի փոքրիկ պատմական ակնարկ անել, երբ կորոնավիրուսն արդեն ծեծում էր մեր սահմանները, իշխանությունները կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն՝ սկսեցին համավարակը ծաղրի ենթարկել և իրավիճակն անլրջացնել։ Նույն Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ կարողանա որոշակի խնդիրներ առաջացնել, կամ կորոնավիրուսը կհանեն ու քաշած օղիով դեզինֆեկցիա կանեն։ Առողջապահության նախարարն էլ ասում էր, թե նոր է վերադարձել Հարավային Կորեայից և բոլորին կվարակի։ Սկսեցին իրարամերժ հայտարարություններ անել՝ դիմակ կրել-չկրելու հետ կապված։ Առաջինը ստիպված եղան ասելու, որ մարտի 1-ին ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակված մեկ դեպք։ Բայց քանի որ իշխանությունները սևեռված էին Սահմանադրական դատարանի փոփոխությունների վրա, Նիկոլ Փաշինյանը մինչև մարտի 12-ը քարոզարշավ էր իրականացնում։ Որևէ մեկը չի կարող բացառել, որ ամենահիմնական վարակակիրը եղել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր «Այո»-ի քարոզչության ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սայաթ Շիրինյանը։
Նա նաև ընդգծեց, որ չնայած իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ երկրում մարտի 1-ին է գրանցվել կորոնավիրուսի առաջին դեպքը, սակայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը հստակ ասել էր, որ կորոնավիրուսի դեմ սկսել են պայքարել հունվարի վերջից։
Ըստ Շիրինյանի՝ իշխանությունները հայտարարում են, որ իրականացնում են կորոնավիրուսի դեմ պայքարի համալիր միջոցառումներ, որոնք այդքան էլ պարզ չեն։
«Այդ համալիր միջոցառումների մեջ մտնո՞ւմ է այն, որ ընտանիքի անդամներին ստիպում են դիմակ կրել մեքենաների մեջ, երբ վերջինները տանը դիմակ չեն կրում։ Հարցի պատասխանը չկա, որովհետև իրենց գործը հեշտացնելու համար ոտնահարում են մեր իրավունքները։ Կորոնավիրուսի դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանն օգտագործում է դիվիդենտներ շահելու համար, հայտարարում է, թե կորոնավիրուսային իրավիճակն օգտագործելով՝ պետք է գրավեն համաշխարհային տնտեսության 3 տոկոսը։ Եվ ի՞նչ, գրավեցի՞ք, ձեր սառնարաններում ապրանքը շատացա՞վ։ Մի բուռն ծափահարություններ, այն զոմբիները, պողոսները ոգևորված ծափահարում էին, որ համաշխարհային շուկայի 3 տոկոսն արդեն գրավել են, սա պոպուլիստական հայտարարություններ են»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում