Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել
Ամերիկյան Նեթֆլիքս (Netflix) ընկերությունը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել: Այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:
«Ուրախ ենք հայտնել, որ Նեթֆլիքսը «Խոստումը« ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար: Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց տեղեկացվածությունը: Մեծահոգության համար շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր և բարերար Քըրք Քըրքորյանին»,-գրել է Էսրայելյանը:
Ֆիլմի ցուցադրությունը սկսվելու է օգոստոսի 8-ից։
Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա նշել էր, որ Ֆիլմի գլխավոր նպատակն է պատմել մեր պատմությունը՝ հնարավոր տեսանելի մեխանիզմներով: «Մենք ցեղասպանության պատմական փաստերի մասին հիանալի գրքեր ունենք, բայց նաև պետք է օգտագործենք տեխնոլոգիաները, ֆիլմարտադրությունը՝ այդ պատմությունն աշխարհին ցույց տալու համար: Նպատակը պարզապես ֆիլմ ստեղծելը չէր, այլ մարդկանց տեղյակ պահելը: Մենք սոցիալական շարժում էինք սկսել՝ «Պահպանենք խոստումը» (#KeepThePromise), Քըրքորյանը խոստացավ ֆինանսավորել ֆիլմը, մենք խոստացանք ֆիլմն ավարտին հասցնել, երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը, և մենք հիմա պետք է խոստանանք երբեք թույլ չտալ այլ մարդկանց նկատմամբ կրկին ցեղասպանություն գործել: Շատ քիչ ֆիլմեր կան, որոնք փաստացի այդքան կյանք ու ազդեցություն ունեն, որքան «Խոստումը» ունի այսօր»,-ընդգծել էր նա: