Զբոսաշրջիկները պատմել են՝ որտեղ նրանք կցանկանան հանգստանալ սահմանները բացելուց հետո
Զբոսաշրջիկները, որոնք մասնակցել են առցանց-ծառայության հարցմանը, պատմել են, թե իրենք պատրաստ են արդյոք փոխել ամառվա պլանները, եթե մոտ ժամանակներս բացվի մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունը:
Այդ մասին հաղորդել է OneTwoTrip-ը: Այն երկրների թվում, որտեղ առաջիկայում կարող են հնարավոր դառնալ ուղեւորությունները, ԶԼՄ-ները, վկայակոչելով կառավարության աղբյուրների, նշում են, օրինակ, Հունգարիան, Մալդիվյան կղզիները, Հարավային Կորեան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Ընկերության մասնագետները հետազոտությունն անցկացրել են 2200 օգտատերերի շրջանում եւ պարզել, որ նրանց 79 տոկոսը կցանկանար այցելել այդ պետություններ: Դրա հետ մեկտեղ զբոսաշրջիկների գրեթե կեսը (45 տոկոսը) նշում է, որ եթե այդպիսի թռիչքները նաեւ հասանելի լինեն օգոստոսի ընթացքում, ապա իրենք չեն փոխի արձակուրդի իրենց պլանները: Հարցման բազմաթիվ մասնակիցներ (77 տոկոսը) պատմել են, որ համավարակի ժամանակ արտասահմանյան հանգստի գրավչությունն իրենց համար ամենեւին չի նվազել:
Այդուհանդերձ, ճանապարհորդների 63 տոկոսն ընդունել է, որ չէր ցանկանա արտասահմանյան պետություններ ուղեւորություններ կատարել առնվազն մինչեւ աշուն: Զբոսաշրջիկների կարծիքով, առաջիկայում կարող է հասանելի դառնալ Թաիլանդը, այդպես է կարծում հարցման մասնակիցների քառորդ մասը: Յուրաքանչյուր հինգերորդն ասում է, որ կբացվի Հունաստանը:
Իսպանիա կցանկանար մեկնել օգտատերերի 12 տոկոսը, Մալթայի, Խորվաթիայի եւ Չեռնոգորիայի օգտին քվեարկել է զբոսաշրջիկների ութ տոկոսը: Այն պետությունների թվում, որտեղ ճանապարհորդները կցանկանային հայտնվել այս տարի, նշվել են ԱՊՀ-ի երկրները, Շրի-Լանկան, Կիպրոսը, Դոմինիկյան Հանրապետությունը, Վիետնամը, Մեքսիկան, Կուբան, Մարոկոն եւ Ճապոնիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: