Բաժիններ՝

Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են

Սրտի սրբությունը պայման է աստվածտեսության: Քրիստոնյայի համար գերագույն իղձն Աստծուն տեսնելն է, Նրա ներշնչող ներկայությունը զգալը: Հիսուս ուղենշում է այդ ճանապարհը. սուրբ սիրտ ունեցող և սրբակենցաղ կյանքով ապրող քրիստոնյան պիտի տեսնի Աստծուն:

Հիսուսին լսողները գիտեին, որ եթե տեսնեն Աստծուն, պիտի մեռնեն (տե՛ս Ծննդոց 32:30, Ելից 33:20, Դատ. 13:22, Եսայի 6): Սակայն այս երանիով ամեն բան փոխվում է, այն նոր մտածողություն, նոր հասկացություն է բերում: Անկարելին դառնում է կարելի. մարդիկ իրենց աչքերով տեսնում են Աստծուն` Հիսուս Քրիստոսին: Ճիշտ է` «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հօր ծոցում է, նա յայտնեց Նրան» (Հովհ. 1:18), բայց աստվածտեսության կարող են արժանանալ սրտով սրբերը, ովքեր աստվածահաճո կյանքով են ապրում:

Աստվածտեսության ճամփան Քրիստոս Ինքն է. «Յիսուս նրանց ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ` Հօրը մեզ ցո՛յց տուր: Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը` իմ մէջ: Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա՛ է անում գործերը: Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը` իմ մէջ. եթէ ոչ` գոնէ գործերի՛ համար հաւատացէք ինձ» (Հովհ. 14:9-11):

«Սուրբ» բառը միայն անհատին չի վերաբերում: Աստվածաշնչում և, առհասարակ, մեր կյանքում այն գործածվում է նաև իրերի, վայրերի և կենդանիների համար (տե՛ս Ելից 3:5, հմմտ. Մատթ. 27:53, Ծննդ. 2:3, Ելից 16;23, Ղևտ. 22 և այլն): Սուրբ է Աստված, և սուրբ են բոլոր այն վայրերը, իրերն ու մարդիկ, պաշտոնյաները, որոնք Աստծո ծառայության մեջ են. «Ձայնակցում էին իրար եւ ասում. «Սու՛րբ, սու՛րբ, սու՛րբ է Զօրութիւնների Տէրը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով» (Եսայի 6:3): Հիսուս Քրիստոս Իր երկրային կյանքով սրբության գաղափարը հասցնում է կատարելության աստիճանի: Սրբությունը քրիստոնյայի համար այլևս կյանքի ընթացք է, կոչում և առաքելություն: Սրբությունն այն հոգևոր վիճակն է, երբ մարդ արարածն ապրում է Աստծո շնորհով և Նրա պատվիրաններով:

Հիրավի, Դավիթ սաղմոսերգուն, կարծես, մեզ շնորհում է սրբության «հավատամքը». «Տէ՛ր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակուի քո սուրբ լերան վրայ. նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, ճշմարտութիւն խօսում իր սրտում: Ով չի նենգել իր լեզուով եւ ընկերոջը վատութիւն չի արել, Մերձաւորներից նախատինք նա չի ստանում, եւ չարագործն անարգուած է նրա աչքում: Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկիւղ ունեն Տիրոջից, երդւում է իր բարեկամին եւ երդումն իր չի դրժում: Իր արծաթը վաշխով չի տալիս, իրաւունքի դէմ կաշառք չի վերցնում: Ով անում է այս, նա յավիտեան չի սասանուի» (Սաղմ. 14):

«Երանի նրանց, որոնք սրտով սուրբ են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»: Սրբության մեջ է ի հայտ գալիս երկրայինից մարդու վեր բարձրանալը, որն էլ պայմանավորված է ինքնազոհաբերմամբ, դիմացինին անշահախնդրորեն սիրելով, անձնուրացությամբ և կամքի դրսևորմամբ: Այս պարագայում էլ ասում են` բոլոր սրբերը հերոսներ են, բայց որ բոլոր հերոսները` սրբեր: Քրիստոնյան իր աստվածային նմանությամբ է, որ հերոսանում է և սրբանում, և նրա հոգին էլ բարձրանում է առ Աստված:

«Իմ մէջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստուա՛ծ, եւ արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում»,- ասում է Դավիթը (Սաղմ. 50:12): Ճիշտ չէ այն մտածումը, թե այս կյանքի թոհուբոհի մեջ դժվար է սուրբ լինել: Հարկավոր է ապրել աշխարհի մեջ, բայց մնալ աշխարհից վեր: Պետք է գիտենալ, որ սրբությունն իրականություն է. ապրում ենք անանձնական, զոհաբերվող կյանք և վերածվում սրբերի: Մեր եկեղեցու հայրերը սրբացան, քանի որ իրենց կյանքը վերածեցին անընդհատ ծառայության վիճակի:

Ուստի, ջանանք մաքրել մեր միտքն ու հոգին ամեն տեսակի ախտերից, պայծառացնենք մեր հավատը և անանձնական կյանքով հետամուտ լինենք սրբության կյանքին, որպեսզի արժանանաք Տիրոջ ողորմածությանն ու աստվածային տեսությանը: Ամեն:

Պատրաստեց` Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս