Գերմանիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում կրճատվել է ռեկորդային 10,1 տոկոսով

Գերմանիայի տնտեսությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում 10,1 տոկոսով կրճատվել է նախորդ եռամսյակի համեմատությամբ. դա առավելագույն անկումն է ցուցանիշի հաշվառման սկզբից ի վեր: Այդ մասին վկայում են ԳԴՀ-ի դաշնային վիճակագրական գործակալության (Destatis) նախնական տվյալները:

Destatis-ը նշել է, որ գրանցվել է ապրանքների եւ ծառայությունների արտահանման ու ներմուծման, ինչպես նաեւ սպառողական ծախսերի կտրուկ անկում այն դեպքում, երբ պետական ծախսերն ավելացել են: ԳԴՀ-ի ՀՆԱ-ի դինամիկայի վերաբերյալ վերջնական տվյալները երկրորդ եռամսյակի համար կհրապարակվեն օգոստոսի 25-ին: Նաեւ հուլիսի 30-ին Աշխատանքի տեղավորման դաշնային գործակալությունը հայտնել է, որ հուլիսին գործազուրկների թիվը Գերմանիայում նվազել է փետրվարից ի վեր առաջին անգամ: Ցուցանիշը կրճատվել է 18000-ով՝ մինչեւ 2,923 մլն մարդ:Գործազրկությունը մնացել է հունիսյան մակարդակին՝ 6,4 տոկոս՝ առավելագույնը 2015 թվականի օգոստոսից ի վեր:

Վերլուծաբանները միջին հաշվով կանխատեսել են գործազուրկների թվի ավելացում 43 հազարով եւ գործազրկության մեծացում մինչեւ 6,5 տոկոս, վկայում են Trading Economics-ի տվյալները: Թափուր տեղերի թվաքանակը երկրում հուլիս ամսին կրճատվել է 226 հազարով՝ նախորդ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ՝ մինչեւ 573000, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս