«Հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարվել և համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից». Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որտեղ անդրադարձել է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին թշնամու նախաձեռնած մարտական գործողություններին՝ սահմանային լարվածությունը պայմանավորելով Ադրբեջանի ներսում ընթացող զարգացումներով, նավթի գնի անկմամբ ու տնտեսական ծանր վիճակով։

Ըստ Գրիգորյանի՝ հուլիսին Տավուշում անհաջողության մատնվելուց հետո  Ադրբեջանի նախագահը հայտնվել է անկյուն մղված ջղային մարդու կարգավիճակում ու դարձել անկանխատեսելի, ուստի դրանով է պայմանավորված, որ հայտարարում է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած 7 կետերն իրենց համար անընդունելի են, որովհետև իրենք ունեն ընդամենը 1 առաջարկ։

«Ալիևն ունի միայն մեկ առաջարկ՝ Զինված ուժերը Արցախից հանել. միակ պահանջը դա է, կամ իրենց տարածքներն ազատագրել։ Հարց է առաջանում. նախ՝ որտե՞ղ է գրված, որ ձեր տարածքներն են։ Դա նշանակում է, որ Ալիևը պարբերաբար փորձելու է սահմանին լարվածություն հրահրել։ Հուլիսյան դեպքերն էլ ցույց տվեցին, որ, երբ ներքին ճգնաժամ է ստեղծվում, նա պարբերաբար լարվածություն է ստեղծում»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ նախապատրաստվում է վատթարագույն սցենարների, լավ գիտի, որ Ադրբեջանը պարբերաբար փորձելու է ռազմական լուծումներով ինչ-որ ելքեր գտնել, սակայն դա հնարավոր չէ, քանի որ ՀՀ Զինված ուժերն իր առջև դրված ցանկացած խնդիր կատարելու է։

Պատասխանելով հարցին՝ հաշվի առնելով հուլիսյան դեպքերի օրերին Ադրբեջանի քաղաքական կյանքում ընթացող զարգացումները՝ ԱԳՆ-ի հեռացումը, արդյոք կարո՞ղ ենք ասել, որ Ալիևի վարչակազմը ցնցումների մեջ էր հայտնվել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.

«Ընդհանուր առմամբ՝ Ադբեջանում կա կառավարման ճգնաժամ. ինչ նկատի ունեմ՝ նավթի գների անկումը սոցիալ-տնտեսական խնդիրներ է ստեղծել, որոնք բերել են համակարգի առաջ նոր խնդիրների։ Ի դեպ, հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, թե որքան կարևոր է կուռ կառավարման համակարգ ունենալը։ Ադրբեջանին չհաջողվեց ապահովել հանրային և կառավարման համակարգի մոբիլիզացիա, կառավարման համակարգը կուռ չէր գործում, մարդիկ կային, որոնք, ըստ իրենց, աշխատանքի չէին գալիս, բնականաբար, բոլորին էլ հայտնի էր, որ այս մարդուն աշխատանքից հանելու են, դա ինչ-որ պահի պետք է տեղի ունենար, որովհետև հունվար-փետրվարից դա շատ ակնհայտ էր, բաց երբ կառավարման համակարգը ճգնաժամի ժամանակ կուռ չի գործում, կառավարման համակարգի վերևում կանգնած մարդը ցուգցվանգի իրավիճակում է հայտնվում։

Ի դեպ, հայկական կողմում էլ ընդդիմությունն էր փորձում այդպիսի խոսույթ մտցնել մեր քննարկումների մեջ՝ փորձելով բանակը ռազմաքաղաքական ղեկավարությունից տարանջատել, ինչը ես նույնիսկ կձևակերպեի՝ որպես դավաճանական քայլ, որովհետև 90-ականներին էլ, հույս ունեմ, այդ մարդիկ գիտեն, որ մենք այդ ժամանակ ունեցել ենք կուռ կառավարման համակարգ, իսկ Ադրբեջանն ունեցել է ցնցումներ և ներքին կառավարման համակարգի ոչ կուռ աշխատանք, նույնիսկ ինչ-որ մի գեներալ որոշում էր առաջին գծից գնալ Բաքու, և ոչ թե՝ գնալ-կռվել, ու այդ հանգամանքը գործոն է եղել, որ մենք կարողանանք հաջողություն գրանցել։ Այդ ձախողումները նրանք փորձում են Հայաստանի ներքաղաքական խոսույթ մտցնել և առաջարկել»,- ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Վերջինիս փոխանցմամբ՝ նման քայլի հուլիսյան դեպքերի ժամանակ գնում էին «նախկինների խմբակները», որոնք, հեղափոխությունից հետո ձախողում ունենալով, փորձում էին այդպիսի խոսույթ մտցնել, ի դեպ՝ լավ տեղյակ լինելով, թե ինչպես է գործում կառավարման համակարգը։

«Ինչպես բանակը, այնպես էլ ռազմաքաղաքական ղեկավարումը պատերազմի ժամանակ պետք է կուռ լինի։ Ամբողջ գործընթացը ղեկավարվել է մեկ հոգու կողմից, որը, որպես քաղաքական պատասխանատու, ամբողջ գործընթացի արդյունքում հաջողություն է գրանցել։ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից է ամբողջը համակարգվել, իսկ նրանք փորձում են դա տարանջատել, ստեղծել, էսպես ասած, կառավարման համակարգի ոչ կուռ լինելու իլյուզիա։

Ի դեպ, նրանք, որոնք մտածում են, որ հնարավոր է ռազմական հաջողություն ունենալ միայն բանակի գործողություններով, չարաչար սխալվում են, էդպիսի բան հնարավոր չէ, որովհետև ռազմական գործողությունները դա միայն առաջին գիծը չէ, իհարկե, մեր բանակը փայլուն է աշխատել, էստեղ որևէ մեկը սրա շուրջ քննարկում չունի, իր առջև դրված խնդիրը փայլուն լուծել է, բայց դա լուծելու համար պետք են եղել բազմաթիվ կոմպոնենտներ, որովհետև երբ բանակը հաջողություն է գրանցում, պետք է դա լինի միջազգային ասպարեզներում և բազմաթիվ այլ ասպարեզներում, դրա համար պետք է համակարգում. համակարգումը կատարել է վարչապետը»,- ասաց Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս