Ժիրայր Սէֆիլյանը հարցաքննվել է. դատավոր Մեսրոպ Մակյանը ճանաչվել է տուժող

Երեկ «Սասնա ծռեր» շարժման ֆեյսբուքյան էջը ողողված էր Ժիրայր Սեֆիլյանի՝ այսօր տեղի ունենալիք հարցաքննության մասին լուրերով, տարատեսակ մեկնաբանություններով: Նշել էին, որ Սեֆիլյանը «անհեթեթ և վտանգավոր միտումներ ցույց տվող քրեական գործով հրավիրված է հարցաքննության որպես վկա»:

Ավելի ուշ պարզվեց, որ «Սասնա ծռերի» գործով դատավոր Մեսրոպ Մակյանի հետ կապված գրառման կապակցությամբ է Սեֆիլյանը վկայի կարգավիճակով հրավիրվել հարցաքննության:

168.am-ը ժամանակին անդրադարձել էր այդ գրառմանը:

Դատական նիստերից մեկի ժամանակ դատավորը որոշել էր ապահովել բացակայող ամբաստանյալների ներկայությունը:

«Դատարանն արձանագրում է, որ բոլոր ամբաստանյալները եղել են պատշաճ ծանուցված։ Նրանց բացակայությունն անհարգելի է, և ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ դատարանը որոշում է կայացնում ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Էդուարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Կյուրեղյանին և Սեդրակ Նազարյանին ոստիկանության միջոցով  բերման ենթարկել հաջորդ դատական նիստին»,- նշել էր Մակյանը։

Այս որոշումից, սակայն, պարզվում է, դժգոհ էր եղել  «Սասնա ծռեր» խմբավորման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը, ում տրամաբանությամբ՝ 3 ոստիկանների սպանության մեջ մեղադրվող անձինք ռազմագերիներ են:

«Նախկինների ենիչերիներից Մեսրոպ Մակյան անունով դատավորի պաշտոն զբաղեցնող անձը «Սասնա ծռերին» բերման ենթարկելու մասին որոշմամբ բացահայտում է նախկինների և ներկաների միջև ուժերի հարաբերակցության այսօրվա վիճակը,- մասնավորապես գրել էր Սէֆիլյանն ու հավելել,- իսկ պետության զավթման գործիքների շարքին դասվող Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար»:

Ի պատասխան մեր խնդրանքին` մեկնաբանել այս հայտարարությունը, դատավոր Մակյանը ներողություն էր խնդրել ու ասել, որ մեկնաբանություն չունի:

Սակայն, փաստորեն, Սէֆիլյանի այս գրառումն անհետևանք չի մնացել:

Այսօր 168.am-ի հարցին, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Ժիրայր Սէֆիլյանը, Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Ռիմա Եգանյանը պատասխանեց.

«2020թ. հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին է ստացվել «168.am» կայքում տեղադրված՝ «Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար. Ժիրայր Սէֆիլյան» վերտառությամբ հոդվածը, որտեղ Ժիրայր Սէֆիլյանը գրել է, որ դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել հաջորդ նիստին բերման ենթարկել «Սասնա Ծռերի» 6 մասնակիցներին՝ անհարգալից խոսելով դատարանի մասին»:

«Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը) 2-րդ մասի հատկանիշներով, որի հետագա նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Քրեական գործով որոշում է կայացվել դատավոր Մեսրոպ Մակյանին տուժող ճանաչելու մասին: Ժիրայր Սէֆիլյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին զրպարտելու հանգամանքի վերաբերյալ հրավիրվել է հարցաքննության: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,-ասացին ՔԿ-ից:

Փաստորեն, իրավապահ մարմինների ուշադրությունից չի վրիպել մեր հրապարակումը, ինչն անշուշտ, շատ կարևոր է օրինականության հաստատման տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս