«Տանելու են տուգանե՞ն 10.000-ով, ի՞նչ եմ ծախելու-տամ, պամիդո՞րը… բա իմ երեխուն ի՞նչ տամ» գյուղացի
Այսօր կառավարության շենքի բակում իրենց բողոքի ակցիան անցկացնող գյուղացիներին վրդովեցրեց կառավարության արձագանքը, թե նրանց ոչ ոք ընդունել չի կարող: Մի քանի օր շարունակ գյուղացիները սպասում են, թե կառավարությունը որևէ ընդունելի լուծում կտա իրենց հարցին, ու նրանք պետք է շարունակեն Կոմիտաս պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում գտնվող գյուղմթերքի տոնավաճառում իրացնել իրենց արտադրած մրգերն ու բանջարեղենը:
Կառավարությունից գյուղացիներին չընդունելուն էլ գումարվեց ոստիկանների անընդմեջ հորդորները, որ պահպանեն սոցիալական հեռավորություն ու հեռանան տարածքից:
«Տանելո՞ւ են, ուզո՞ւմ են տանեն, կանգնել է ոստիկանությունը, թող տանի: Տանելո՞ւ ա տուգանի 10.000-ով, ի՞նչ եմ ծախելու-տամ, պամիդո՞րը, 50 դրամանո՞ց: Ինչքա՞ն պտի ծախեմ: Բա իմ երեխուն ի՞նչ տամ, որ իրանց տուգանք տամ: Լցնե՞մ բյուջեն, գյուղացուն էլ ոչ մի բա՞ն… ինչի՞ համար: Տանո՞ւմ ա հիմա, թող տանի: Ես պատրաստ եմ: Ես էլ կտանեմ իմ պամիդորը, 50 դրամանոց պամիդորը տոննայով ա, կտանեմ կծախեմ, կբերեմ իրա բյուջեն կլցնեմ: Ուզո՞ւմ ա ուտի, թող գա իմ հողից քաղի, տանի ուտի»,- ասաց գյուղացիներից մեկը:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ոստիկանությունը և քաղաքապետարանը գյուղատնտեսական տոնավաճառում գյուղմթերք վաճառող գյուղացիներին թույլ չէին տվել աշխատել եւ ցանկացել էին փակել տոնավաճառը: Թաղապետարանից ասել էին, թե այդ հատվածում տոնավաճառի առկայությունը խանգարում է երթևեկությանը, ինչպես նաև առաջացնում է այդ հատվածում ապրող բնակիչների և կրպակներ ունեցող առևտրականների դժգոհությունը: Թաղապետարանից գյուղացիներին առաջարկել էին իրենց ապրանքն իրացնել քաղաքի այլ վայրերում, օրինակ, Կոմիտաս պողոտայում գտնվող շուկայում, ինչը գյուղացիները լուծման տարբերակ չեն համարում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում