«Ես էս երկրի ճորտը չեմ, մենք էլ ենք ուզում նորմալ ապրել». Ռուզաննա Մարգարյան
«Մենք ձեր դեմ ոչինչ չունենք, անգամ կառավարության դեմ էլ ոչինչ չունենք, ուզում ենք մեզ պատասխան տան, գնանք: Ես իմ հողը, իմ հավը, ճուտը թողել եմ, եկել-կանգնել եմ ստեղ»,- կառավարության դիմաց հավաքված գյուղացիներին տարածքից հեռանալ հորդորող ոստիկանին դիմելով՝ ասաց Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Ռուզաննա Մարգարյանը։ Նա էլ այսօր մի քանի այլ գյուղացիների հետ եկել էր Կառավարության դիմաց՝ ակնկալելով, որ կառավարությունը որևէ լուծում կտա Կասյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում գործող գյուղմթերքի տոնավաճառի խնդրին:
«Թող ինձ անցալ տարվանից ասեին, ես հաստատ չէի մշակի: Ես էս երկրի ճորտը չեմ: Մենք էլ ենք նորմալ ուզում ապրել: Ես աշխատեմ, ամեն օր առավոտը 5-ից հողամասի մեջ եմ, էլ օրը գիտի, թե ժամը քանիսին դուրս կգանք ու երեկոյան մինչև աչքը տեսնում ա, հողի մեջ աշխատում ես, թող գան մի ժամ հլը կանգնեն էդ արևի տակ, գործ չանեն, տեսնեմ՝ ո՞նց են անելու: Մեզ կճղեն, կուտեն:
Էդ տոնավաճառը, որ գործում էր, ոչ մեկին չի խանգարել: Մենք էլ ենք մարդ: Ես արտադրել եմ, ուզում եմ իրացնել: Էդ տոնավաճառից ես մի քանի տարի օգտվել եմ, եկել եմ, իմ ապրանքը իրացրել եմ: Վատ ապրանքն էլ եմ ես ընդեղ կարողանում վաճառել: Էդ որ լավը չի, ապրանքային տեսք չունի, առևտրականները չեն տանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուզաննա Մարգարյանը:
Տոնավաճառը փակելու վերաբերյալ թաղապետարանի պատճառաբանություններից մեկն էլ այն է, թե տարածքի կրպակների սեփականատերերի բողոքել են, որ հավասար պայմաններում չեն հայտնվում գյուղացիների հետ, որոնք ավելի մատչելի են վաճառում իրենց ապրանքը: Ռուզաննա Մարգարյանը, անդրադառնալով սրան, ասաց, թե՝ եթե այդ առևտրականները տեղի վարձ, հարկ են տալիս, ապա գյուղացին էլ բույսերը ջրելու համար հոսանքի գումար է տալիս, հողի հարկ է վճարում, Երևան հասնելու համար ծախսեր է անում, ու ինքն էլ է ուզում եկամուտ ստանալ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում