Բերդում «Թումո» կենտրոն բացելու համար «Սիմոնյան կրթական» հիմնադրամին անհատույց հող հատկացվեց
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց և ընդունվեց «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործելու իրավունքի մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Ներկայացնելով նախագիծը, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ «Սիմոնյան կրթական» հիմնադրամը համապատասխան գրություններով դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Տարածքային կառավարման նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Բերդի ավագ դպրոց ՊՈԱԿ-ին օգտագործման իրավունքով տրամադրված Տավուշի մարզի Բերդ քաղաքում գտնվող 270 քմ հողատարածքը անհատույց օգտագործման տրամադրելու խնդրանքով՝ «Թումո» կենտրոն բացելու համար։
Լրացնելով Սուրեն Պապիկյանի խոսքը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այն կարևոր նախագիծ է, որի արդյունքում շարժական կենտրոնների միջոցով «Թումոն» իրականացրել է դասընթացների մի հատվածը, որն իրականացնում է հիմնական կենտրոններում։
«Մեր նախարարության հետ նախնական քննարկումների արդյունքում՝ մենք պայմանավորվել ենք, որ որոշ ժամանակով այդ տարածքներն ազատ ժամանակ կարող են տրամադրվել նաև ուսուցիչների վերապատրաստումներ իրականացնելու համար։ Ըստ էության սրանք հագեցած են լինելու անհրաժեշտ տեխնիկայով։ Սա առաջինն է նման նախագծերի մեջ»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդգծեց նախագծի կարևորությունը՝ նշելով, որ «Թումոյի» մուտքը Բերդի տարածաշրջան շատ կարևոր է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում