ԱԱԾ-ն դատավորների սենյակներում գաղտնալսումներ է կատարում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառա­յությունն ինչ-որ պահից ոչ այնքան մեր արտաքին ու ներքին անվտանգության խնդիրներով է զբաղվում, որքան քա­ղաքական պրոցեսների մասնակից է դարձել եւ սկսել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը:

Այն պահից, երբ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանների դռները եւ դատավորներին անվանեց «պատե­րի տակ վնգստացող» ու նախկինների պատվերը կատարող, ԱԱԾ-ն մի ուրիշ եռանդով ձեռնամուխ եղավ դատական համակարգը «վեթինգի» ենթարկելու գործին: Չնայած վեթինգը՝ որպես պրո­ցես, միջազգային կառույցների ջանքերով մերժվեց: Բոլոր դատավորները վերցվեցին հա­տուկ հսկողության տակ, եւ սկսվեց «դատավորաորսը»:

Իհարկե, դատավորները միամիտ մարդիկ չեն եւ օրենքներից էլ լավ գլուխ են հանում, ուստի նրանց մեծ մասը կարողանում է խուսափել ԱԱԾ թակարդն ընկնելու ճակատագրից, բայց նրանց մեջ էլ կան անզգույշներ:

Առաջին գործը, որ ԱԱԾ-ն անում էր եւ անում է նաեւ այսօր, դատա­կան համակարգի հետ առնչություն ունեցող անձանց գաղտնալսելն է: Գաղտնալսվում են ոչ միայն դատա­վորներն ու նրանց ընտանիքների անդամները, այլեւ օգնականները, նիստերի քարտուղարները, դատական համակարգը սպասարկող անձնակազմը, փաստաբանները, որոնք երբեմն նաեւ միջնորդի դեր են խաղում դատավորի եւ իրենց վստահորդի միջեւ: Դատավորնե­րը ոչ միայն գաղտնալսվում են, այլեւ գաղտնատեսագրվում՝ նրանց բոլորին հետեւում են, բոլորի աշխատասենյակնե­րում կան թաքնված տեսախցիկներ, որոնք շուրջօրյա հսկողության տակ են պահում դատավորներին:

Մեր աղբյուրներն ասում են, որ հենց նման «աչալուրջ» հսկողության արդյուն­քում է բացահայտվել սնանկության դա­տարանի հետ կապված քրեական գործը: «Մշտադիտարկման» տակ հայտնված դատավորներն անզգուշություն են ունեցել ինչ-որ թեմաներով խոսել, ինչն էլ ձայնագրվել է եւ դարձել քրեական գործի մաս:

Ավելին՝ դատավորներից մե­կի աշխատասենյակի տեսահսկողության արդյունքում հայտնաբերել են բարոյական վարքականոնից «շեղումներ» եւ անհրաժեշտության դեպքում պատրաստվում են շրջանառության մեջ դնել նաեւ այդ կադրերը:

Մի խոսքով, ԱԱԾ-ն կատարում է վարչապետի հրահանգները՝ բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս