Պետությունը 7 միլիարդ դրամ գնահատվող գույք է դրել աճուրդի և ներդրողներին կոչ է անում՝ շտապել
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարությանն առաջարկեց Պետական գույքի և կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող 9905,21 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինություններ և դրանց զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար հատկացված 3,3 և 0,04 հեկտար մակերեսներով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով։
«Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնվել է դեռևս 2013 թվականին, այն զինվորական հիվանդանոցի շենք-շինություն է։ Երկար քննարկումից հետո, այդ թվում՝ նաև քաղաքապետարանի հետ՝ Երևանի զարգացման տեսլականի շրջանակներում որոշում է ընդունվել այն ներկայացնելու աճուրդի՝ նպատակով, որ այնտեղ կառուցվի հյուրանոցային համալիր։ Մրցութային կարգով այնտեղ կներկայացվի մեր ներդրողների կողմից առաջարկներ, որոնց քննարկումներից հետո տեղի կունենա մրցույթը»,- նշեց Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ այս պահին գույքը գնահատվում է 7 մլրդ, 716 մլն 165647 դրամ։
Նա նաև հրավիրեց բոլոր ներդրողների ուշադրությունը, որ Երևանում Օրբելի փողոցում հյուրանոցային համալիր է կառուցվելու։
Նախարարի խոսքից հետո, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ նման հարցերում, երբ դնում են պարտավորություններ՝ ներդրում կատարելու, աշխատատեղ ստեղծելու վերաբերյալ՝ լավ է, սակայն, երբ գույքը պահում են գրավ, և, եթե այս անգամ էլ են գրավ պահելու՝ խորհուրդ տվեց նման բան չանել։
«Սա պոտենցիալ գնորդների շրջանակն էականորեն նեղացնում է, քանի որ բանկերի մասնակցությունը գործընթացին խոչընդոտում է։ Այս իմաստով, եթե ենթադրվում է, որ ներդրումային պարտավորությունների կատարման համար գույքը գրավադրվում է պետության մոտ՝ առաջարկում եմ այդ գործիքը չկիրառել։ Եթե նախորդ անգամները կիրառել ենք, վերանայենք ու հանենք, որպեսզի մասնակցությունն ավելի լայն լինի»,- շեշտեց Մհեր Գրիգորյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում