Բաժիններ՝

«Անկեղծ, Արայիկ Հարությունյանի մեղադրանքներից բոլորովին չեմ վախենում». Աննա Կոստանյան

ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ բուհեր չընդունված դիմորդների, նրանց ծնողների և ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորների հանդիպումը։
Հանդիպման ավարտին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ, թեև հարցի լուծումը պետք է տա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, սակայն պատգամավորներն իրենց լիազորությունների շրջանակներում պարզապես պարտավոր էին լսել դիմորդներին և նրանց ծնողներին։

«Ինքս, տևական ժամանակ է, հետևում եմ խնդրին, կապի մեջ եմ այս մարդկանց հետ։ Ինձ ամեն օր տարբեր դիմորդներ են գրում՝ տարբեր ձևերով ներկայացնելով իրենց խնդիրները։ Ինքս շարունակելու եմ առանձին դիմորդների խնդիրները ներկայացնել։ Սպառված չեմ համարում խնդիրը և սխալ եմ համարում այն բարդել միայն քաղաքացու վրա՝ ասելով, թե նա չի ծանոթացել ընթացակարգերին, և այլն։ Ես չեմ կարծում, որ քաղաքացիները պետք է հետևեն լիազոր մարմնի լայվերին։ Կա պաշտոնական ծանուցման ձև, տեխնոլոգիաների այս դարում կարելի էր այդ ամենը հաղորդագրության միջոցով իրականացնել»,- նշեց պատգամավորը։

Նա նաև շեշտեց՝ ի սկզբանե կանխատեսելի էր, որ նման խնդիր է ստեղծվելու, քանի որ ամենաբարձր՝ նույնիսկ վարչապետի մակարդակով հայտարարվել էր, որ դիմորդները երանության մեջ են լինելու։ Այսինքն, եթե ինչ-ինչ պատճառներով մարդը բուհ չի ընդունվել, ապա կարող է երկու ամսում պատմության գիրքը սերտելով՝  ինչ-որ մասնագիտություն ձեռք բերել։

«Անկեղծ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մեղադրանքներից բոլորովին չեմ վախենում։ Պարզ է, որ, եթե քաղաքական տեսանկյունից նայենք, ապա հարցը կարելի է դիտարկել նաև քաղաքական շահագրգռվածության կոնտեքստում, սակայն բազմիցս շեշտադրել եմ, որ սա քաղաքական հարց չէ։ Նաև կոչ եմ արել բոլոր շրջանակներին, անկախ այն հանգամանքից՝ խորհրդարանակա՞ն են, թե՞ արտախորհրդարանական, որևէ կերպ չփորձեն քաղաքականացնել, որովհետև սա իմ համոզմամբ՝ բացառապես ազնիվ պայքար է, որը մղվում է  դիմորդների և նրանց ծնողների կողմից»,- հավելեց Աննա Կոստանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս