Երկրին ֆուտբոլի դաշտի չափով աստերոիդ է մոտենում
2009 PQ1 պոտենցիալ վտանգավոր աստերոիդը Երկրից մեկուկես տասնյակ միլիոն կիլոմետր հեռավորությամբ կանցնի օգոստոսի 5-ին: Այդ մասին հաղորդել է NASA-ն: Ամերիկյան տիեզերական գործակալնության հաշվարկներով՝ աստերոիդի տրամագիծը կազմում է 84-ից մինչեւ 190 մետր: Համեմատության համար նշենք, որ ֆուտբոլի դաշտի միջին երկարությունը կազմում է շուրջ 100 մետր: Նվազագույն տարածությունը, որ երկնային մարմինը կարող է մոտենալ Երկրին, NASA-ի մասնագետները գնահատում են 13,2 միլիոն կիլոմետր, ինչը թույլ է տալիս 2009 PQ1 աստերոիդը դասել պոտենցիալ վտանգավոր աստղագիտական օբյեկտների շարքին:
Նշվում է, որ աստերոիդի եւ Երկրի առավելագույն մոտեցումը տեղի կունենա օգոստոսի 5-ին Երեւանի ժամանակով 20:35-ին: 2009 PQ1 աստերոիդը հայտնաբերվել եւ գրանցվել է 2009 թվականին: Այն դասվում է այսպես կոչված Ապոլոն-աստերոիդների խմբին, որոնց ուղեծրերը Երկրի ուղեծիրը հատում են արտաքին կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: