Յուրի Խաչատուրովը չի կարողանա հատել ՀՀ սահմանը

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստում դատարանը քննեց գործով ամբաստանյալ  Յուրի Խաչատուրովին Հայաստանից մեկնելու թույլտվություն տալու վերաբերյալ պաշտպան Միհրան Պողոսյանի  միջնորդությունը:

Փաստաբան Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառված է եղել այլընտրանքային խափանման միջոց գրավը, նախկինում գործող կարգավորումների համաձայն՝ գրավի գումարը մուծվել է, Յուրի Խաչատուրովն ազատվել է արգելանքից և դրանից հետո մեկնել է ՌԴ Մոսկվա քաղաք, ինչից հետո 2018 թվականի նոյեմբերի 2-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նոյեմբերի 4-ին վերադարձել է ՀՀ ու այդ օրվանից սկսած չի լքել ՀՀ սահմանը:

«Բոլորիս հայտնի է նաև, քրեական գործի նյութերում էլ է առկա, որ վերջինը ծնվել է Վրաստանի Հանրապետությունում, և նրա ծնողները և եղբայրը հուղարկավորված են իր ծննդավայրում, իսկ Յուրի Խաչատուրովը 2018 թվականի նոյեմբեր ամսից չի եղել այնտեղ: Հաշվի առնելով նաև էն հանգամանքը, որ սովորության համաձայն՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրն է նշանակվում տվյալ դատական նիստը, մենք դատարանի թույլտվությունն ենք խնդրում ընդամենը 2 օրով՝ դատական նիստերի միջակայքում,  լքելու ՀՀ տարածքը: Իսկ եթե էդ ընթացքում հրատապ անհրաժեշտություն լինի նաև Յուրի Խաչատուրովի ՀՀ-ում՝ Երևան քաղաքում գտնվելու հետ կապված, վերջինի հեռախոսահամարը, ինչպես նաև իմ հեռախոսահամարն ակտիվ է լինելու, և կարող ենք ընդամենը մի քանի ժամում ապահովել վերջինի ներկայությունը դատարանում»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին՝ պաշտպանն ասաց, թե օգոստոսի 1-ից սահմանափակումները հանվելու են, իսկ Յուրի Խաչատուրովի՝ օգոստոսի մեկից հետո իր ծննդավայր գնալու ժամանակ պարտադիր մեկուսացման կանոնին ենթարկվելու անհրաժեշտություն չի լինի:

Դատախազներն էլ հայտնեցին, որ գուցե հարցը քննարկվի այն ժամանակ, երբ սահմանահատման ռեժիմն և վերադարձի հնարավոր խոչընդոտման ռիսկերը կլինեն կանխատեսելի:

Դատարանը, հաշվի առնելով Հայաստանից դուրս գալուց հետո անձին 14 օրով մեկուսացնելու վերաբերյալ այս պահին գործող  կարգը, արձանագրեց, որ կան «ակնհայտ հանգամանքներ», որոնք կարող են խոչընդոտել Յուրի Խաչատուրովի՝ առաջիկա դատական նիստերին ներկայանալու համար: Դատավոր Դանիբեկյանը նաև նշեց, թե միջնորդության մեջ վկայակոչված չեն այնպիսի հրատապ, անհետաձգելի հարցեր, որոնց համար անհրաժեշտ կարող է լինել Յուրի Խաչատուրովի երկրից բացակայելը, ուստի որոշեց, որ այս պահին նպատակահարմար չէ Յուրի Խաչատուրովին թույլ տալ լքել ՀՀ սահմանը:

Տեսանյութեր

Լրահոս