
Արցախում խիստ վերահսկողություն է սահմանվում երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջով ուղիղ հեռարձակման ժամանակ ներկայացրեց վերջին օրերին ճանապարհային երթևեկության ոլորտում Ոստիկանության խիստ գործողությունների արդյունքները: Վերջին 15 օրվա ընթացքում Արցախում արձնագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 1832 դեպք, որից անսթափ վիճակում գտնվելու հետ կապված 64, առանց վարորդական իրավունքի՝ 119, կարմիր լույսի ժամանակ երթևեկելու դեպքով՝ 80, սահմանված արագության գերազանցում՝ 711: Այս ընթացքում գրանցվել է 40 ճանապարհատրանսպորտային պատահար, կա 6 վիրավոր:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջիկայում ընդհանուր բացատրական աշխատանքներ են տարվելու ամրագոտների հետ կապված, որից հետո այս ուղղությամբ ևս խստացումներ են լինելու:
«Ուզում եմ ասել, որ այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ զանգով կամ սոցիալական, քաղաքական կարգավիճակով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված շրջանցվել են խախտումները: Որևէ նման գործոն դեր չի խաղացել և չի խաղալու: Այն պաշտոնատար անձը, ով կհամարձակվի նման խնդրանքով դիմել համապատասխան կառույցին, կզրկվի զբաղեցրած պաշտոնից: Չի լինելու որևէ միջնորդության դեպք, չի լինելու արտոնյալ»,-հավելեց Արայիկ Հարությունյանը: