«Այստեղ ո՞ւմ դերն եք տեսնում՝ Ռուսաստանի՞, թե՞ Թուրքիայի. հարց անվտանգության ռազմավարության հեղինակներին». Վանիկ Բաբաջանյան

Անվտանգության խորհրդի ընդունած «Անվտանգության ռազմավարության» մեջ 46 անգամ հիշատակված է Արցախ բառն առանց Հանրապետության, ու որքան էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դա պատճառաբանում է նրանով, որ այստեղ գործ ունենք ընկալումների հետ, միևնույն է, ցանկանում եմ նրան հարցնել. «Պարո՛ն Գրիգորյան՝ ինչ է՝ Դուք կարդում եք Արցախ, հասկանում եք Հանրապետություն, մենք չենք հասկանում. նման փաստաթուղթը պետք է լինի այնքան միարժեք, որ 3 միլիոն մարդ կա, հանգի մեկ կարծիքի»։ Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու Վանիկ Բաբաջանյանը՝ անդրադառնալով հուլիսի 10-ին ընդունված Անվտանգության ռազմավարության՝ իր համար վիճելի դրույթներին։

Անդրադառնալով Արմեն Գրիգորյանի՝ Արցախն առանց Հանրապետության գրելու խնդրի վերաբերյալ տրված պարզաբանմանը, ըստ որի, ռազմավարության տեքստի ցանկացած բառի շուրջ եղել են լայնածավալ քննարկումներ, և ընտրված բոլոր ձևակերպումները հիմք են նաև վերջին երկու տարվա իրենց քաղաքականության, Վանիկ Բաբաջանյանը նշեց.

«Համակարծիք եմ պարոն Գրիգորյանի կարծիքին, որ տեքստում ընդգրկված յուրաքանչյուր բառ համարժեք է իրենց վերջին երկու տարվա քաղաքականությանը, իսկ ի՞նչ ենք տեսնում մենք վերջին երկու տարում՝ Արցախի շուրջ բանակցություններ, որոնք ներկայացվում են՝ որպես խորհրդատվություններ, առանձին բաղադրիչների վերաբերյալ քննարկումներ, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ոտնձգություն, առաջնորդարանի գրավում՝ խուժանի կողմից, ֆիզիկական բռնություն Ամենայն Հայոց հայրապետի նկատմամբ, Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրսբերումը դպրոցից, Հայ Առաքելական եկեղեցու հավասարեցումը Ավետարանչական եկեղեցու հետ… Սրանով ևս մեկ անգամ երևում է վերջին երկու տարվա քաղաքականությունը, որը կոնկրետ առարկայացվում է մեկ փաստաթղթում, որը կարելի է բնորոշել այսպես՝ եկեղեցում դիրքերի երկրորդացում, երրորդացում»,- ասաց Վանիկ Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ այս ռազմավարության մեջ Արցախը հիշատակվում է՝ որպես ընդամենը աշխարհագրական տարածք և ոչ թե Հանրապետություն, որն ունի իր Սահմանադրությունը, պետական դրոշը, պետական սահմանը և այլն։

«Սա բավականին լուրջ մտորումների տեղիք է տալիս և մեր հասարակական-քաղաքական շրջանակներից կարող ենք լսել հնարավոր թաքուն բանակցությունների մասին. խոսքը փուլային տարբերակի մասին է, և ամեն ինչ գնում է այդ տարբերակով, որովհետև, եթե խոսք չի գնում Արցախի՝ որպես պետության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին, գուցե բանակցությունների հիմքում այդ դեպքում փուլային տարբերակն է։ Ես չեմ կարողանում հասկանալ՝ մենք որպես զույգ պետություններ՝ ո՞ւր ենք գնում՝ դեպի միացում, իսկ այդ դեպքում ինչո՞ւ ռազմավարության մեջ միացման մասին խոսք չկա, խոսք չկա նաև ինքնիշխանության, միջազգային ճանաչման մասին, հետևաբար՝ բաց է մնումը հարցը՝ դեպի ո՞ւր ենք գնում»,- ասաց Վանիկ Բաբաջանյանը։

Անդրադառանալով «Անվտանգության ռազմավարության» մեջ արտաքին սպառնալիքների մատնանշմանն ու դրանց դիմագրավելուն ուղղված գործողություններին, պատմական գիտությունների թեկնածուն նշեց, որ 2007 թվականի հետ համեմատելիս՝ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե ամեն ինչ նորմալ է՝ ՌԴ հարաբերությունները կան, կա նաև ԱՄՆ-ը, ԵՄ-ն և այլն, բայց այս ռազմավարության մեջ բացակայում է մի շատ կարևոր հանգամանք։

«Այս ռազմավարությունը չի կարևորում Ռուսաստանի ներկայությունը Կովկասում՝ որպես ՀՀ-ի և տարածաշրջանի համար անվտանգության համար շատ կարևոր գործոն. սա ևս երկու տարվա քաղաքականության արտահայտումն է։ Ինձ մի հարց է հետաքրքրում այս ռազմավարության հեղինակներից, երբ համավարակի հաղթահարումից հետո աշխարհը դառնա ոչ թե գլոբալ, այլ ռեգիոնալ, ու մենք այս տարածաշրջանում չենք շեշտում ՌԴ-ի դերը՝ որպես անվտանգության երաշխավորի, ապա ո՞ւմ դերն ենք տեսնում. եթե Ռուսաստանը չէ, ապա ես լուրջ կասկածներ ունեմ, որ դա լինելու է Թուրքիան, իսկ մենք ունե՞նք նման ցանկություն։ Եթե տարածաշրջանն առանց Ռուսաստանի է, ապա ո՞ւմ ենք այն թողնում։ Եթե 2007 թվականի ռազմավարության մեջ դա հատուկ շեշտված էր, ապա 2020 թվականին ընդունվածի մեջ ՌԴ-ի՝ տարածաշրջանում ունեցած դերակատարման մասին հստակ շեշտված չէ, իսկ դա նահանջ է, իսկ գուցե՞ բան է փոխվել, մենք չգիտենք»,- ասաց Վանիկ Բաբաջանյանը՝ շեշտելով, որ իշխանության երկու տարվա քաղաքականությունը ցույց է տալիս, որ այս ամենն այս իշխանության քաղաքականությունն է՝ ամփոփված մեկ փաստաթղթի մեջ։

Մեր զրուցակիցը նաև անդրադարձավ անվտանգության ռազմավարության մեջ մի քանի անգամ հիշատակված ազգային ինքնություն ձևակերպմանը։

«Ի՞նչ ազգային ինքնության մասին է խոսքը, երբ այս ռազմավարության մեջ հայագիտություն բառն ընդհանրապես չի հիշատակվում, իսկ մշակույթ բառը հիշատակվում է 5 տեղ, որից 4-ը՝ քրեական ենթամշակույթ ձևով»:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս