ԿԳՄՍՆ հարակից հատվածից բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին. Նրանք վերադառնում են նախարարության մոտ

Այսօր 13:10-ի սահմաններում ԿԳՄՍՆ-ի հարակից տարածքից Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվածներին երկու ժամ պահելուց հետո ազատ արձակեցին: Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր առավոտից ակցիա էին իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց և պահանջում հանդիպում միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանց առաջարկվեց հանդիպում փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, ինչից  հրաժարվեցին, քանի որ պնդում էին, որ նրա հետ հանդիպումներն անօգուտ են: Ակցիայի մասնակիցները մեկ ժամ ժամանակ տվեցին Արայիկ Հարությունյանին՝ իրենց ընդունելու համար: Հանդիպումը տեղի չունեցավ: Դիմորդները փակեցին Վազգեն Սարգսյան-Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկը: Ոստիկանները բացեցին փողոցները, ակցիայի մասնակիցներից երկուսը՝ դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը և դիմորդներին աջակցելու եկած Հովհաննես Հարությունյանը, բերման ենթարկվեցին: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նրանց բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար:

«Մասիս Բաբալյանը ձերբակալվել է մայթեզրից, և փողոց չէր փակել, իսկ Ոստիկանությունը բացառապես պահանջ էր դրել՝ բացել ճանապարհի երթևեկելի գոտին: Այս առումով նրա վարչական ձերբակալումն ակնհայտ ապօրինի էր:  Հովհաննես Հարությունյանն ընդամենը ցանկացել էր միջամտել անչափահաս, մասնավորապես, աղջիկ երեխաներին բերման ենթարկելու գործողությանը, դրա համար է ձերբակալվել: Հիմա սպասենք Ոստիկանության վարչական վարույթին, կա՛մ իրենք կդիմեն Վարչական դատարան, և դրա շրջանակներում մենք կփորձենք պաշտպանվել, կա՛մ մենք կդիմենք, որ Ոստիկանության գործողությունները ճանաչվեն ոչ իրավաչափ»,- ասաց փաստաբանը:

Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանն ասաց, որ ինքը համաձայն չի եղել կազմված արձանագրությունների հետ և տվել է իր բացատրությունները: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ չորեքշաբթի օրվանից սկսվելու են դատական գործընթացները: Իրենց փաստաբանական թիմն արդեն ունի 100-ից ավելի լիազորագիր հայց ներկայացնելու համար, սակայն դեռ վերջնական քննարկումներ են ընթանում, թե ո՞ր ատյանին են դիմելու:

«Այս պահին այնպիսի տպավորություն ունեմ, որ մենք դիմելու ենք վարչական դատարան, որ վիճարկենք Կառավարության ընդունած ոորշման իրավաչափությունը: Այն հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող առնվազն երկու օրենքների»,- ասաց Կոչուբաևը:

Փաստաբանը նաև նշեց, որ, եթե Առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ դիմելը համարեն անարդյունավետ, ապա միանգամից դիմելու են ՍԴ և ՄԻԵԴ: Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը սկզբում ասաց, որ չեն շարունակելու ակցիան, քանի որ դիմորդները երկար են կանգնել արևի տակ և հոգնած կլինեն, սակայն հենց դիմորդները չհամաձայնեցին դադարեցնել ակցիան, նրանք վերադարձան ԿԳՄՍ նախարարության մոտ:

«Մեր պայքարը շարունակելու ենք՝ մինչև վերջնական հաղթանակ»,- ասաց Բաբալյանը:

Հիշեցնենք՝ օրեր շարունակ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիաներ են անցկացնում և հանդիպումներ են ունենում պետական մարմինների տարբեր ներկայացուցիչների, պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանի, իրավաբանների հետ, նրանք դժգոհում են ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում բարձր ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: Մյուս հայտերով ընդունվելու հնարավորություն դիմորդն ունեցել է միայն այն դեպքում, եթե տվյալ բաժինն առաջին հայտով նշած և դրական միավոր հավաքած բոլոր ուսանողներն ընդունվել են, ու մնացել են թափուր տեղեր:

Տեսանյութեր

Լրահոս