ՍԴ «ճգնաժամի» չհանգուցալուծումը. կեղծ և իրական օրակարգեր

Երբ կենաց-մահու պայքարի արդյունքում իրականացվեցին սահմանադրական փոփոխություններ, թվում էր՝ ամեն ինչ տեղն է ընկնելու։ Իսկ իրականում տեղի ունեցավ հակառակը, և սա դեռ սկիզբն է։ Ինչո՞ւ։ Որովհետև իշխանությանը մատուցված օրակարգերն էին կեղծ, իսկ այդ կեղծ օրակարգի հիմքում ընկած միակ իրական օրակարգը՝ ՍԴ յուրային նախագահ ունենալն ու Փաշինյանից իշխանություն կորզելը (հաստատ՝ ոչ Փաշինյանի շահի համար), մնաց չբավարարված։ Կարճ ասած՝ կան չբավարարված ամբիցիաներ ու թվացյալ հաղթանակ։

Այս համատեքստում, կարծում եմ, Փաշինյանը պետք է վերագնահատի տեղի ունեցածը՝ շարունակվող շանտաժի ֆոնին, իրեն տալով հետևյալ հարցերը.

Ո՞ւմ գաղափարն էր դատավոր-անդամ կեղծ դիսկուրսը, ՍԴ նախագահ ինքնահռչակումը։ Այս և նմանատիպ այլ գաղափարները (որոնց ցանկը Փաշինյանին քաջածանոթ է) ի՞նչ օգուտ և ի՞նչ վնաս հասցրին իր իշխանությանը՝ բացի ծաղրի առարկա դարձնելուց։

Արդյո՞ք ՍԴ-ն  վտանգ կամ այդքան մեծ վտանգ էր ներկայացնում իր իշխանության համար, որի համար արժեր գնալ ինքնակործանման (իշխանության անկարողության ցուցադրում, միջազգային հեղինակության կտրուկ անկում՝ իր բոլոր հետևանքներով, հսկայական ռեսուրսի վատնում, վարկանիշի անկում, հետագա քրեական պատասխանատվություն և այլն)։

Արդյո՞ք այս վնասները չէին հնգապատկվի, եթե հանկարծ իրենք որոշեին գնալ Վահե Գրիգորյանի առաջարկած  տարբերակներից մեկով և ԱԺ միջոցով առաջադրեին ՍԴ յոթ դատավոր։ Եվ արդյո՞ք այդ գաղափարի հեղինակը գիտակցել է դա։ Արդյո՞ք գաղափարի հեղինակն առհասարակ գիտակցում է, թե ինչ է պետությունը։

Արդյո՞ք հնարավոր չէր ընտրել այլ՝ անցնցում տարբերակ, օրինակ՝ սահմանադրական լայնամասշտաբ փոփոխությունը, որը  շատ ավելի վաղ էր հնարավոր իրականացնել, եթե այդքան ռեսուրս չծախսվեր։

Տեղյա՞կ է արդյոք, որ ի տարբերություն նշված տարբերակի՝ այս իրադարձություններից հետո պլանավորվող սահմանադրական փոփոխություններն իրեն չեն ազատելու դատավորներին վերականգնելու պարտականությունից։

Արդյո՞ք հնարավոր չէր լինի հասնել դատավորների վաղ կենսաթոշակին կամ նրանց հետ համաձայնության, եթե չլիներ Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը և վարքագիծը։

Ինչո՞ւ Վահե Գրիգորյանն իր անաշխատ եկամտով անդառնալի վնաս հասցրեց իրենց հեղինակությանը։

Արդյո՞ք իրենք դարձել են շանտաժի և խաբեության զոհ՝ սկսած Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելուց մինչև վերջին իրադարձությունները։

Արժե՞ր արդյոք շանտաժի արդյունքում (զուգորդված ծաղրով, ինչպես, օրինակ, պատգամավորների ուղեղի փոքր պարունակության վերաբերյալ) ամբողջ քաղաքական թիմին դարձնել հանցագործ՝ անհայտ շահերի սպասարկման համար։

Արդյո՞ք այս սցենարի հեղինակները կանխատեսել էին իշխանությանը հասցված անդառնալի վնասը։

Արդյո՞ք Հրայր Թովմասյանը,  ընդհուպ՝ մինչև վերջ պաշտոնավարելով հանդերձ,  կարող էր այնքան վնաս պատճառել իրենց, որքան Վահե Գրիգորյանը։

Ինչի՞ համար  ծնվեց գրիչի զավեշտալի պատմությունը, և առհասարակ ի՞նչ շահեցին այս պատմությունից, ո՞ւմ շահերը սպասարկեցին և ինչի՞ հաշվին։

Այո, այս հարցերը պետք է տալ և ընտրել՝  Փաշինյանը շարժվում է սեփակա՞ն, թե՞  «լևոնտերպետրոսյանական» ու «վահեգրիգորյանական»՝ շանտաժով զուգորդված օրակարգով, որը կլինի պետականաքանդ և սեփական իշխանության համար շատ վտանգավոր։

ԼԵՎՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս