Ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհ փակող դիմորդների

Այսօր 13:10-ի սահմաններում ԿԳՄՍՆ-ի առջևից Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվեց 2 հոգի: Առավոտից բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա էին իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց և պահանջում հանդիպում միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանց առաջարկվեց հանդիպում փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, ինչից ակցիայի մասնակիցները հրաժարվեցին, քանի որ, ինչպես պնդում էին, նրա հետ հանդիպումներն անօգուտ են: Մեկ ժամ ժամանակ տվեցին Արայիկ Հարությունյանին իրենց ընդունելու համար: Հանդիպումը տեղի չունեցավ: Դիմորդները փակեցին Վազգեն Սարգսյան-Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկը: Ոստիկանները բացեցին փողոցները, ակցիայի մասնակիցներից երկուսը բերման ենթարկվեցին:

Դրանից հետո ցուցարարները շարժվեցին դեպի Ոստիկանության Կենտրոնի բաժին: Նրանց հետ էր նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որը ներկայացնելու է չընդունված և հայց ներկայացրած դիմորդներին՝ դատարանում:

Հիշեցնենք՝ օրեր շարունակ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիաներ են անցկացնում և հանդիպումներ են ունենում պետական մարմինների տարբեր ներկայացուցիչների, պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանի, իրավաբանների հետ, նրանք դժգոհում են ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում բարձր ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: Մյուս հայտերով ընդունվելու հնարավորություն դիմորդն ունեցել է միայն այն դեպքում, եթե տվյալ բաժինն առաջին հայտով նշած և դրական միավոր հավաքած բոլոր ուսանողներն ընդունվել են, ու մնացել են թափուր տեղեր:

Տեսանյութեր

Լրահոս